Գերմանիայի ներքին հետախուզության աշխատակիցները Բեռլինի մերձակայքում անտառում «պրոֆեսիոնալ կերպով կառուցված» թաքստոց են հայտնաբերել՝ երկու լիցքավորված հրաձգային զենքերով և զինամթերքով, գրում են Spiegel և Süddeutsche Zeitung պարբերականները:
Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը կարծում է, որ թաքստոցը ստեղծվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից ռուսաստանյան գործակալների համար, որոնք պետք է Գերմանիայում հարձակումներ իրականացնեին զենքի արտադրության ընկերությունների ղեկավարների, ռուսաստանցի ընդդիմադիրների և Ուկրաինայի աջակիցների նկատմամբ:
Թաքստոցը հայտնաբերվել էր դեռ անցած ամռան վերջին: Երկու ատրճանակները հետագայում շարքից հանվել են և հագեցվել GPS տեղորոշիչներով, ինչից հետո տվյալ վայրը մի քանի ամիս դիտարկվել է, սակայն զենքի համար այդպես էլ ոչ ոք չի եկել: Պետանվտանգության գերմանական մարմինները ենթադրում են, որ իրենց գործողության մասին հայտնի է դարձել կասկածյալներին:
Գործը քննում է Գերմանիայի դաշնային դատախազությունը, դրա շրջանակում Ռումինիայում կալանավորվել է թաքստոցի ենթադրյալ ստեղծողը:
Այլ մանրամասներ չեն բացահայտվում: