Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը, «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից:
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը: Թե ով կփոխարինի Թովմասյանին, դեռ պարզ չէ: ՍԴ դատավոր առաջադրելու հերթն այժմ Հանրապետության նախագահինն է, որն էլ մեկ ամսվա ընթացքում թեկնածու կառաջադրի խորհրդարանին:
Ըստ քրեական գործի՝ Թովմասյանը, երբ արդարադատության նախարար էր, մի դեպքում այնպես է արել, որ իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ միասին աճուրդով գնել են համայնքին պատկանող Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները, իսկ Ալեք Մանուկյանի հասցեի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս, Թովմասյանի գույքն այս գումարի չափով արգելանքի տակ է։
Արդարացում պահանջող Թովմասյանն այս քրեական գործը քաղաքական հետապնդում էր համարել: 2018-ին Բարձր դատարանի նախագահ ընտրված Թովմասյանը մեղադրանքի քաղաքական լինելու մասին խոսելիս նկատի ուներ, որ նոր իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ուզում էր ազատվել իրենից ու մյուս դատավորներից։
Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում 2020 թվականին Թովմասյանը վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր, ևս երեքն ազատվեցին աշխատանքից: