Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։
Ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով Պետական մաքսային կոմիտեին, հայտնել է, որ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10%-ը։
Ընդհանուր առմամբ, 2026-ի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 մլրդ 661,35 մլն ԱՄՆ դոլար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս անցյալ տարի հույս էր հայտնել, որ Ադրբեջանը ևս Հայաստանից ապրանքներ կներկրի: Նա կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում նշել էր. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն։ Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից էլ Ադրբեջան արտահանում կլինի»։
Չնայած վարչապետի այս առաջարկին՝ Հայաստանից Ադրբեջան դեռևս ոչինչ չի արտահանվել։ Այդ մասին են վկայում նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները: