Միջազգային հեղինակավոր մրցանակի դափնեկիրներից մեկը հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն է։
Էռնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակը ոլորտում բարձրագույն պարգևներից է, հաճախ անվանում են «երաժշտության Նոբելյան մրցանակ»։ Կա հիմնական մրցանակ, որը տրվում է մեկ երաժշտի՝ նրա ամբողջ կյանքի ստեղծագործական ներդրման համար։ Բայց ամեն տարի ընտրվում են նաև մինչև երեք դափնեկիրներ՝ հիմնականում ժամանակակից, միջին կամ երիտասարդ սերնդի կոմպոզիտորներից։ 32-ամյա հադրութցի երիտասարդը հենց այս երեքից մեկն է։
«Ավելի բարձր մրցանակ կոմպոզիտորի համար չկա: Գլխավոր մրցանակը տալիս են ընդհանրապես երաժիշտներին, ու այս տարի ստացավ Սավալը, որը լեգենդար երաժիշտ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարդարյանը: - «Դա ամենաբարձր պարգևն է, և դա թե՛ մեծ ֆինանսական մաս է պարունակում և թե՛ ինքը պլատֆորմ է իր հերթին, որովհետև էնքան մարդ է քեզ ճանաչում... »:
«Այս մրցանակին ազատ դիմում չկա, ու իրենք են դիմում քեզ ու հարցնում՝ «կարո՞ղ եք ուղարկել, որպեսզի մենք քննենք Ձեր գործերը», - ընդգծեց երիտասարդ կոմպոզիտորը:
Առաջին անգամ առաջարկը ստացել է 2020 թվականին, մերժել է, այդպես չորս անգամ... Ասում է՝ վստահ չէր, որ պահը հասունացել է. - «Շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել, դրա համար չեմ կարողացել միանգամից ասել, որ «հա, ինձ տվեք էս»: Ինձ պատրաստ չէի զգում այն առումով, որ [...] ես ինձ հասուն չէի համարում լեզվի տեսանկյունից, տեխնիկայի տեսանկյունից, որպեսզի կարողանայի այդ նոր տեմպին հասցնել, նոր այդ պատվերները ժամանակին անել, որովհետև դա կարիերային նոր թափ է տալիս»:
Հադրութի երաժշտական դպրոց, հետո՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովա երաժշտական քոլեջ, ապա՝ Երևանի Կոնսերվատորիա և մագիստատուրան ու հետագա կրթությունը՝ արդեն Գերմանիայում։ Երաժշտությունը ճանապարհորդություն է, Մոցարտը կառքասայլակով անցավ Եվրոպան, ասում է երիտասարդ կոմպոզիտորը, ցավով նշելով՝ եթե մնար Հայաստանում, եթե մնար դեռ հայկական Արցախում, գրեթե անհնար կլիներ այդ ճանապարհն անցնել։
«Ու Հայաստանի խնդիրը, առաջին խնդիրը հենց գեոգրաֆիկ խնդիրն է, որ դա պիտի վերացվի, որ Հայաստանը պետք է մոտիկ լինի Եվրոպային: Ինչո՞ւ Եվրոպային՝ որովհետև Ասիայում չկա էդ մշակույթը, ոչ թե քաղաքական նախասիրության, այլ հենց դրա համար է», - ասում է Հովիկ Սարդարյանը:
44-օրյա պատերազմի ժամանակ հայրենի Հադրութում չէր, բայց ասում է՝ ընդամենը ֆիզիկապես.... Չի հասկանում՝ ինչպես այդքան հեշտ համակերպվեցինք այս կորստի հետ.
«Մամաս և ընտանիքս Հադրութում էին մինչև Հադրութի հանձնման վերջին օրը, այսինքն՝ երբ որ պատերազմը սկսել էր, ես անընդհատ զանգում էի և լսում էի ամեն ինչ, ինչ կատարվում: Եվ իհարկե, նման պարագայում շատ բարդ է քեզ դուրս դնել այդ ամեն ինչից, անգամ եթե իրենք Հադրութում չլինեին, անգամ եթե ես արցախցի չլինեի, դա ոչ մի բան չէր փոխելու»:
«Նրա երաժշտությունը հաճախ հիմնված է իր հայկական ժառանգության վրա՝ ներառելով ավանդական գործիքներ և ժողովրդական մեղեդիներ», - «Էռնստ ֆոն Սիմենս»-ի պաշտոնական էջից մեկ տող ենք կարդում Սարդարյանի մասին։
Երաժշտական մտածողության ձևավորման վրա իրո՞ք Արցախը հետք է թողել: Հարցին հեռվից է պատասխանում. շատ փոքր էր, դեռ երաժշտական դպրոց չէր գնում, նկարում էր, այդ էմոցիան թերևս հենց այդ ժամանակ էլ ծնվել ու ամրացել է:
«Ու իմ փոքր ժամանակվա նկարները էդ անտառներն ու սարերն էին: Կարծում եմ, որ մարդու համար թեկուզ էդ ռելիեֆը տեսնելը ու բնության հետ էդ կապը, և իհարկե դա ինձ համար Արցախն է: Ես կասեի՝ ավելի շատ Հադրութը, չնայած հետո նաև Ստեփանակերտում եմ սովորել, բայց Հադրութի հետ էդ էմոցիոնալ կապը շատ մեծ է իհարկե, միանշանակ: Ես կարող եմ ասել, որ Հադրութի կորստից հետո ես սկզբից ամեն օր, հիմա միգուցե շաբաթը մեկ-երկու անգամ գիշերը երազում Հադրութում եմ: Այսինքն՝ էդ էդքան էմոցիոնալ նշանակություն ունի ինձ համար», - ասում է Հովիկ Սարդարյանը: