Հովհաննես Հովհաննիսյանը կշարունակի կառավարել ԵՊՀ-ն

Կառավարությունը հավանություն կտա Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքներին։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

ԵՊՀ ռեկտորի մրցույթում հաղթել էր գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նա մրցակիցներ չէր ունեցել։ Հովհաննիսյանն այս պաշտոնում է մոտ 5 տարի, դրանից առաջ մի քանի ամիս էլ նա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Աստվածաբան Հովհաննիսյանը 2018-ին Կրթության ու գիտության փոխնախարար էր, ապա պատգամավոր ընտրվեց «Իմ քայլը» դաշինքից։

Հովհաննիսյանի ղեկավարման տարիներին մի շարք դասախոսներ պնդել են, որ իրենց քաղաքական պատճառներով հեռացրել են բուհից, թեպետ ԵՊՀ-ն հերքել է այս մեղադրանքները։ Ամիսներ առաջ դատարանը որոշեց նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանին ԵՊՀ-ից հեռացնելու որոշումը ոչ իրավաչափ ճանաչել։ Իրեն դեկանի պաշտոնից հեռացնելու հարցով դատարան է դիմել նաև Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը. նրա որդին ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանն է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատական հայցեր ընդդեմ ԵՊՀ-ի. «Համալսարանն ամբողջությամբ քաղաքականացված է».