Հութիները հարվածել են Ռիադի միջազգային օդանավակայանին. կա առնվազն 12 զոհ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 և վիրավորվել ավելի քան 300 մարդ։ Սա վերջին տասնամյակում թագավորությունում տեղի ունեցած ամենաարյունալի հարձակումն է, որն իրականացվել է Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից, հայտնում է Reuters-ը։

Հութիները չեն ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան խոստացել է արձագանքել։

Լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն պլանավորո՞ւմ է միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ ուղղված հարվածներին, նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է։ Մենք կդիտարկենք դա։ Մենք հենց նոր իմացանք վերջին հարձակման մասին, ուստի որոշում կկայացնենք։ Մենք շատ արագ կգործենք»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է օդանավակայանի վրա հարձակումները՝ ասելով, որ դրանք «ցույց են տալիս անմեղ քաղաքացիների կյանքի նկատմամբ ակնհայտ անարգանք»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես դատապարտել է հարվածը՝ վերահաստատելով, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները խախտում են միջազգային իրավունքը և պետք է անհապաղ դադարեցվեն։

Հոկտեմբերի 6-ին ևս Եմենի հութիները հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Ռիադի միջազգային օդանավակայանին, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի և այլ թիրախների: Ռիադի օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել էր գործունեությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եմենում մարտերի հետևանքով ավելի քան 200 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿԵմենը հայտնում է, որ վերահսկում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, հութիներն էլ հարվածել են Ռիադի օդանավակայանին