Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ովքեր ունեն քվեարկելու իրավունք

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել 18 տարին լրացած և ընտրողների ցուցակում ընդգրկված ՀՀ քաղաքացիները։

Քվեարկելու իրավունք չունե՛ն միայն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ, և նրանք, որոնք ծանր կամ առանձնակի ծանր հանցագործությունների համար դատարանի ուժի մեջ մտած վճռով պատիժ են կրում:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիշեցնում է՝ Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր քաղաքացիները, եթե անգամ երկքաղաքացիություն ունեն, միևնույնն է կարո՛ղ են մասնակցել քվեարկությանը. «Ովքեր ունեն ն աև այլ պետության քաղաքացիություն կամ այլ պետությունների քաղաքացիություն, նրանք ևս կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին»:

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք, օրինակ, բնակվում են Ռուսաստանում և ունեն ժամկետանց հայկական անձնագիր, չունե՛ն ՌԴ քաղաքացիություն, բայց ցանկանում են ԱԺ ընտրություններին մասնակցել, ապա միգրացիոն փորձագետ Բեժանյանի պնդմամբ՝ Հայաստան գալու համար նրանք պետք է Ռուսաստանում դիմեն ՀՀ հյուպատոսարան, վճարեն ու ստանան վերադարձի վկայական, իսկ արդեն Հայաստանում այդ վկայականով գնան դատարան՝ լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար: Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից էլ ստանան նախատեսված «9-րդ ձև» կոչվող փաստաթուղթն ու մասնակցեն քվեարկությանը: Իսկ վերադառնալու համար պետք է ՀՀ անձնագիր ստանան:

Բայց, եթե քաղաքացին զինապարտության տարիքում է, Բեժանյանը նշեց. «Անձնագրավորման համար գալիս, դիմում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային կենտրոն, իրեն տալիս են տեղեկանք, որպեսզի ինքը գնա հաշվառվի իր բնակության վայրի զինկոմիսարիատում, եթե կլինի զինապարտության տարիքի, ապա ադեն զինկոմիսարիատում բուժզննում անցնելուց հետո, փաստաթղթերը ստուգելուց հետո կուղարկեն զինվորական ծառայության: Եթե կան հիմքեր, որ ինքը չպետք է ծառայի, ապա նրան կտրամադրեն տեղեկանք, որով ինքը կգա Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, դիմում կգրի, կստանա անձնագիր ու կիրացնի իր մնացած իրավունքները»:

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին կարող են քվեարկել անգամ նրանք, որոնք երբևէ չեն եղել Հայաստանում, բայց ծագումով հայ են: Իրենց ծագումը ապացուցելու դեպքում կարող են իրենց երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ստանալ ու գալ ՀՀ-ում քվեարկել:

«Եթե այս անձինք ունեն նաև այլ պետության քաղաքացիություն, այսինքն, իրենք հանդիսանում են երկքաղաքացի, իրենց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, կա նախագահի արդեն ուժի մեջ մտած հրամանագիր, նույնիսկ կարող են չունենալ ՀՀ քաղաքացու անձնագիր, իրենց այլ պետության անձնագրով գալ Հայաստանի Հանրապետություն, դիմել դատարան, որպեսզի ստանան տեղեկանք, որ իրենց լրացուցիչ ցուցակներում ընդգրկեն, մոտենան Միգրացիայի և քաղաքացիության տարածքային կենտրոն, ընդգրկվեն լրացուցիչ ցուցակում ու իրենց օտարերկրյա անձնագրով, բայց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ իրենք ՀՀ քաղաքացի են, կարող են մասնակցել ընտրություններին», - ներկայացրեց միգրացիոն փորձագետը:

Իսկ, եթե քաղաքացու 18 տարեկանը լրացել է հե՛նց ընտրության օրը, չունի անձնագիր, բայց ցանկանում է մասնակցել քվեարկությանը, ապա նա էլ պետք է դիմի դատարան, ստացած տեղեկանքը ներկայացնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Այստեղ նրան կընդգրկեն լրացուցիչ ցուցակում և կտրամադրեն «9-րդ ձև» կոչվող տեղեկանքը։ Այդ փաստաթղթով էլ կգնա քվեարկության:

Ընտրության օրն այս կառույցների համար աշխատանքային է, այս փաստաթղթերը պարտավոր են նույն օրը տրամադրել:

«Կարող է նաև 16 տարին լրացած ժամանակ ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր, որն իրեն տրվել է 10 տարի ժամկետով ու այդ անձնագրով իր 18-ը լրացել է, ինքը նորից գնա դատարան, դիմի, ստանա այդ տեղեկանքը, ներկայացնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային կենտրոն, իր հաշվառման հասցեում լրացուցիչ ցուցակներով մասնակցի ընտրություններին: Կարևորը, որ տվյալ օրվա դրությամբ իր 18 տարին լրացած լինի», - ասաց Բեժանյանը:

Այսպիսով՝ ընտրություններին մասնակցության երկու ցուցակ կա՝ հիմնական և լրացուցիչ։

Հիմնականում ընդգրկվում են ՀՀ-ում ընտրողների ռեգիստրում հաշվառված և ՀՀ հասցեով գրանցված անձինք։ Լրացուցիչ ցուցակում՝ նրանք, որոնք չեն երևում ռեգիստրում (օրինակ՝ չունեն ՀՀ հասցեով հաշվառում, օտար երկրում են ստացել քաղաքացիություն, կամ հաշվառված են օտարերկրյա հասցեով), ինչպես նաև նրանք, որոնք ընտրությունների օրը զբաղված են հատուկ ծառայությամբ (օրինակ՝ ոստիկաններ, ընտրական հանձնաժողովի անդամներ)։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակվում են ռուսներ, ուկրաինացիներ կամ աշխատանքի նպատակով Հայաստան եկած հնդիկներ: Նրանք Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին չե՛ն կարող քվեարկել, քանի որ համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։

Հայաստանում բնակվող օտարերկրացիներն ու փախստականները կարող են մասնակցել միայն ՏԻՄ ընտրություններին, եթե տվյալ համայնքում հաշվառված են առնվազն մեկ տարի։