Հունգարիայում վարչապետն այլևս չի կարողանա երկու ժամկետից ավելի պաշտոնավարել

Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։

Ըստ փոփոխությունների՝ նախկինում վարչապետի պաշտոնը ութ և ավելի տարի զբաղեցրած գործիչները չեն կարող կրկին նշանակվել վարչապետ։ Այսինքն՝ 16 տարի պաշտոնավարած Վիկտոր Օրբանը, որը ապրիլի խորհրդարանական ընտրություններում պարտվեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին, չի կարող հավակնել վերադառնալ երկրի ղեկավարի պաշտոնին։

Չնայած ընտրություններում պարտությանը՝ նախորդ շաբաթ Օրբանը վերընտրվել էր արդեն ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցության առաջնորդ։

Նախկին վարչապետն արձագանքել է սահմանադրական փոփոխություններին՝ սոցցանցում հեգնական գրառում կատարելով․ «Օրբանի օրենքն ընդունվեց։ Դա ամենահրատապ խնդիրն էր․․․Եթե իմ կարիքը լինի, ես այստեղ կլինեմ»։

Վարչապետի պաշտոնավարման սահմանափակումը Մադյարի նախընտրական առանցքային խոստումներից էր։