Հունգարիայում ձերբակալվել է նախկին վարչապետի եղբայրը

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի եղբայրը՝ Արոն Օրբանը, արխիվ

Հունգարիայում մարդկանց ապօրինի տեղափոխման գործի քննության շրջանակում ձերբակալվել է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի եղբայրը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի գործող վարչապետ Պետեր Մադյարը Բեռլինում երեկ ունեցած ելույթում:

Մադյարի մեկնաբանությունները հետևել են Հունգարիայի հակակոռուպցիոն մարմնի հայտարարությանը, համաձայն որի՝ ոստիկանությունը գործի շրջանակում չորս մարդու է ձերբակալել և խուզարկություններ է իրականացրել Բուդապեշտում և Պեշտ շրջանում:

«Օրբանի նախկին նախարարներից երեքը արդեն կալանքի տակ են: Այսօր արդեն նրա եղբայրն է անազատության մեջ», - ասել է Մադյարը:

Նախկին վարչապետի եղբորը՝ 49-ամյա գործարար Արոն Օրբանին և մյուս երեք անձանց կասկածում են 2024 թվականին մի քանի ամիս Վիետնամի քաղաքացիներին Արևմտյան Եվրոպա հասնելու գործում օգնելու համար: Ըստ հակակոռուպցիան մարմնի՝ նրանք Վիետնամում Հունգարիայի առաքելություններում վիզայի համար դիմողներից այսպես կոչված «ներգրավման վճար» են գանձել, որը հետո բաժանել են իրար մեջ:

Վիկտոր Օրբանը Ֆեյսբուքում գրառմամբ քաղաքական վրեժխնդրության դրսևորում է որակել եղբոր ձերբակալությունը:

«Այս կեղտոտ խաղում նպատակն է քաղաքական ընդդիմախոսին հեռացնելը և միակուսակցական համակարգի հաստատումը: Թիրախը ես եմ, կրտսեր եղբայրս սոսկ գործիք է», - պնդել է Հունգարիայի նախկին վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին