Հունգարիայի նոր կառավարությունը Ռուսաստանը «սպառնալիք» է որակում

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյար, արխիվ

Հունգարիայի նոր կառավարությունը Ռուսաստանը «սպառնալիք» է որակել՝ շրջադարձ կատարելով նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք տարիներ շարունակ վարվող՝ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական արտաքին քաղաքականությունից։

Այս ձևակերպումը տեղ է գտել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հունգարիայի պատվիրակության աշխատանքը կարգավորող ուղեցույցում։

Փաստաթուղթը ստորագրել է Օրբանի իրավահաջորդ Պետեր Մադյարը, և այն երեկ ուշ երեկոյան հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում։

«Հունգարիան դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան և լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», - ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է նաև, որ Հունգարիան ճանաչում է իր արևելյան հարևանի ինքնապաշտպանության իրավունքը։

«Ռուսաստանի վարքագիծը սպառնալիք է Հունգարիայի, Եվրոպայի և աշխարհակարգի համար», - ասվում է ուղեցույցում։

Օրբանի իշխանության 16 տարիների ընթացքում Հունգարիան մեղմել կամ խոչընդոտել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները և վարկաբեկման արշավներ է իրականացրել Ուկրաինայի դեմ։ Եվրամիությունը մշտապես քննադատել է Հունգարիայի այս դիրքորոշումը։