Հունաստանի դատարանը գաղտնալսման համար 8 տարվա ազատազրկման է դատապարտել չորս անձանց, այդ թվում՝ երկու իսրայելցիների՝ ավարտելով սկանդալային գործի քննությունը, որը 2022-ին կառավարության մի քանի անդամների հրաժարականի և խորհրդարանում իմփիչմենթի գործընթացի պատճառ դարձավ։
«Հունական Ուոթերգեյթ» անունը ստացած նախաքննության համաձայն՝ հաստատվել է, որ մեղադրյալները օգտագործել են Predator ծրագիրը՝ 2020-2022 թվականներին ավելի քան 90 քաղաքական գործիչների, լրագրողների, գործարարների և բարձրաստիճան զինվորականների հեռախոսները գաղտնալսելու համար։
Սկանդալային գործը բացվել էր 2022-ի սկզբին, երբ հույն հետաքննող լրագրող Թանասիս Կուկակիսը հայտնաբերեց, որ հետախուզական ծառայությունները իրեն գաղտնալսել են՝ օգտագործելով Predator ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ներթափանցել բջջային հեռախոսներ, կարդալ այլոց հաղորդագրությունները և նույնիսկ հեռակա կերպով ակտիվացնել միկրոֆոնն ու տեսախցիկը։
Այժմ Աթենքի դատարանի որոշմամբ դատապարտվել են այն ընկերության ղեկավարները, որոնք ներմուծել էին այդ ծրագիրը Հունաստան։ Սկանդալից հետո հրաժարական տված պաշտոնյաների շարքում էր նաև Հունաստանի հետախուզական ծառայության ղեկավարը։