Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում. Վենս

Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը:

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ նախագահ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է նույնկերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության: Վենսը զգուշացրել է՝ եթե իրանցիները շարունակեն փակել ջրային այս կարևորագույն անցուղին և չհամաձայնել ԱՄՆ առաջարկներին, ապա ԱՄՆ-ն թույլ չի տա, որ իրանական որևէ նավ դուրս գա նեղուցից:

ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Պակիստանում շաբաթ անցկացված բանակցություններում կողմերը բավական առաջընթաց են գրանցել և հիմա, ըստ նրա, գնդակն Իրանի դաշտում է:

New York Times-ը հայտնում է, որ Թեհրանն Իսլամաբադում համաձայնել է հինգ տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, սակայն Վաշինգտոնը պնդել է, որ այն կասեցվի 20 տարով, ինչին Իրանը չի համաձայնել: