Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը կարճ ժամանակով կդադարեցվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝«Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել՝ նշելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթացը»։ Նախագահ Թրամփը շեշտել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։

«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած «Շրջափակումը» կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել», -սոցիալական ցանցերում գրել է Թրամփը:

Թեհրանից առայժմ արձագանք չկա:

Սպիտակ տունը դեռևս չի մանրամասնել գրանցված առաջընթացի կամ դադարի տևողության վերաբերյալ:

Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Նախագահ Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում նավթի գինը նվազեց 2,30 դոլարով և մեկ բարելի համար 100 դոլարից ցածր իջավ: