Հոկտեմբերի 25-ին՝ ՏԻՄ ընտրություններ Ախուրյանում և Արթիկում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան, արխիվ

Շիրակի մարզպետի որոշմամբ մարզի երկու խոշորացված համայնքում՝ Ախուրյանում ու Արթիկում հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակվել, չնայած հերթական ընտրություններ նաև Աշոցում ու Ամասիայում են անցկացվելու մինչև տարեվերջ:

Ինչո՞ւ միաժամանակ չորս համայնքում ընտրություն չի նշանակել Դավիթ Առուշանյանը: «Որ կարողանանք չորս համայնքներում միաժամանակ չկիսվել ու երկու-երկու համայնքներով անել, որ ավելի թեթև ստացվի, ավելի լավ ստացվի», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց մարզպետը:

Թեև 2021-ին Ախուրյանում ամենաշատ ձայները «Քաղաքացիական պայմանագիր»-ն էր ստացել, բայց ընդդիմադիրները կոալիցիա կազմելով իշխանությունը վերցրեցին: Այդուհանդերձ, մեկ տարի անց ՔՊ-ին հաջողվեց ավագանուց երկու հոգու իրենց կողմը տանել ու Ախուրյանում իշխանափոխություն անել: Իսկ Արթիկում ՔՊ-ն միայնակ իշխանություն չկարողացավ ձևավորել, ստիպված էր կոալիցիա կազմել, վերջերս այդ կոալցիոն հուշագիրը խզվել է:

ՔՊ-ն մասնակցելու է այս երկու համայնքների ընտրություններին, արդյո՞ք գործող համայնքապետերն են իշխանական ուժի թեկնածուները:

«Ես քննարկել եմ նախարարի հետ մեր երկու համայնքների թեկնածուների հարցը, ու վարչությունը որոշում է կայացնելու: Վարչությունը որոշումը երբ որ կայացրեց, էդ ժամանակ կհրապարակենք», - ասաց Առուշանյանը՝ հավելելով. - «Անուններ չեմ ուզում տալ, բնականաբար սյուրպրիզներ չեն լինելու, երբ որ վարչությունը կհաստատի, ընթացակարգ կա՝ վարչությունը պիտի հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկությունը, էդ ժամանակ նոր կհրապարակենք՝ ովքեր են լինելու Ախուրյանում և ընդհանուր չորս համայնքներում մեր թեկնածուները»:

Դավիթ Առուշանյանի անունն էլ շրջանառվում է որպես Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածու: Կառավարությունը դեռ 2020 թվականից քննարկում է մարզպետարանների օպտիմալացումը, թեև ընդունված որոշում չկա: Իսկ անցած տարի ընդդիմադիր ուժերից իշխանություն ձևավորած Գյումրիում ՔՊ-ն մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացել, թեև դեռ պարզ չէ՝ ինչպես են հասնելու գործող ավագանու լուծարմանը:

Առուշանյանը պնդեց, որ մարզպետարանները փակելու քննարկում հիմա չկա, ինքն էլ կշարունակի որպես մարզպետ աշխատել այնքան, որքան իր քաղաքական թիմը նպատակահարմար կհամարի:

«Էդ մասով քննարկումներ չկա, մարզպետարանների փակվելու մասով ևս քննարկումներ չկան, էնպես որ ... Չգիտեմ, չեմ պատկերացնում՝ միայն մեր քաղաքում է՞ նման խոսակցությունները, թե՞ մնացած մարզերում էլ կա, որ 28 թվականին պիտի մարզպետարանները փակվեն, բայց նման նախագիծ չկա, նման քննարկումներ չկան», - վստահեցրեց մարզպետը:

Շիրակի մարզի տեղական ընտրություններին մասնակցելո՞ւ է արդյոք խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, որը քաղաքական դաշտում նորելուկ է: Պատգամավոր Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ պետք է մասնակցել, բայց առայժմ վերջնական որոշում չունեն:

«Հետո, վերջին հաշվով, տեղական ինքնակառավարման մարմինների կարևորությունը երևի թե, էսպես ասեմ՝ իշխանությունը էնպես է նսեմացրել, որ մարդիկ չեն հասկանում, բայց դա շատ կարևոր ինստիտուտներ էին, պետք է կայանան, և նաև լինեն մեր ներկայացուցիչները, որպեսզի նաև կայանան այդ կառույցները: Նաև ընդհանուր հավասար զարգացման կոնցեպտը պետք է աշխատի. տեսնում եք, չէ՞, Երևանը ինչ վիճակում է, մարզերը կամ առավել ևս հեռավոր գյուղերը ինչ վիճակում են», - նշեց Ղազինյանը:

Արթիկի, Ախուրյանի, հետո նաև Աշոցքի ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունը, «Ազատությանը» փոխանցեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հակոբ Մաթիլյանը:

Այլ ուժերից ևս դեռ հստակ հայտարարություններ չեն հնչել մասնակցության մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի օրից է հրապարակելու ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը: Առաջադրումներն, ըստ օրենքի, պետք է ընտրություններից ոչ ուշ, քան 45 օր առաջ լինեն: Այսինքն՝ դրանք կսկսվեն սեպտեմբերի առաջին տասնօրյակում:

Ու մինչ քաղաքական ուժերը դեռ քննարկում են տեղական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, Ախուրյան համայնքում ընտրություններից մոտ երեք ամիս առաջ ավագանին արտահերթ նիստով որոշել է անվճար դարձնել մանկապարտեզները: Համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը պնդում է, որ ավագանու որոշումն առաջիկա ընտրությունների հետ կապ չունի, ասաց՝ նման ծրագիր վաղուց ունեին ու նախատեսում էին գործարկել 2027 թվականին, բայց տնտեսված միջոցները հնարավորություն են տվել տվել դա անել այս տարի:

«Գումարի խնայողության հետևանքով որոշում կայացվեց դարձնել սեպտեմբերից, որպեսզի նոր ուսումնական տարվա սկզբից արդեն անվճար լինի: Իսկ ինչը կապված է, թե կապ ունի ՏԻՄ ընտրությունների հետ, բացարձակ, կարող եմ ասել, որ ՏԻՄ ընտրությունների հետ կապ չունի, նույնիսկ էդ ժամանակ, երբ որ որոշումը կայացվել է, դեռ ՏԻՄ ընտրությունների օրն էլ պարզ չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը՝ ընդգծելով. - «Ու էդ սկզբունքով եթե առաջնորդվենք, կարող ենք ամեն աշխատանք դիտարկել որպես ընտրություններից առաջ քայլ»:

Ախուրյանում 22 մանկապարտեզ կա, ուր շուրջ հազար երեխա է հաճախում: Ամսական 5 հազար դրամ է կազմել վարձավճարը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ մանկապարտեզներն անվճար դարձնելու համար տարվա կտրվածքով համայնքի բյուջեից կպահանջվի 50-55 միլիոն դրամ:

Իսկ Գյումրիում արդեն երրորդ ավագանուն չի հաջողվում մանկապարտեզներն անվճար դարձնել, թեև մի քանի անգամ նախագծեր ներկայացվել են: