Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ընդունել են երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։
Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանն էլ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով, այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Կարեն Բրուտյանը և Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Էդվարդ Ասրյանը դեռ ապրիլին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել էր Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ Կողմերը քննարկել էին պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հնդկաստանը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից ի վեր դարձել է Հայաստանի զենքի մատակարարման առաջատար երկրներից մեկը։ Մայիսի 28-ին հայկական բանակը Հանրապետության հրապարակում 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրության զինտեխնիկան ցուցադրեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սպառազինություն՝ 7 երկրից, այդ թվում՝ Իրանից ու ՉինաստանիցԵրկար ժամանակ Ռուսաստանն է եղել Հայաստանի զենքի և զինամթերքի հիմնական մատակարարը։ Սակայն Հայաստանի կառավարությունը, Մոսկվայի հետ հարաբերությունների աճող լարվածության և Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում, որը կլանում է Ռուսաստանում արտադրվող ռազմական տեխնիկայի հիմնական մասը, փնտրում է սպառազինության այլընտրանքային աղբյուրներ։