ՀՀ գործող իշխանություն էին մեզ տարածքային պահանջներ ներկայացնում, վիրավորում, երբեք չպետք է մոռանանք դա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենուն «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում, 2-ը հոկտեմբերի, 2026թ.

Անհնար է բոլոր մեղքերը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, թեև նրանք բոլորն էլ ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևն ասել է, թե չնայած դրան՝ հենց Հայաստանի ներկայիս իշխանություններն էին տարածքային պահանջներ ներկայացրել Ադրբեջանին:

«Ճիշտ է, Հայաստանի նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը, սակայն Հայաստանի գործող իշխանությունն էին, որ մեզ տարածքային պահանջներ էին ներկայացնում, անպատեհ ու ոչ քաղաքակիրթ հայտարարություններով վիրավորում էին ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը։Մի խոսքով, մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»,- ասել է Ալիևը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիև. «Եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի մեր տարածքները ուժով ետ նվաճել»


Նա ասել է, թե Արցախի պատերազմում «փառահեղ հաղթանակից հետո» Ադրբեջանի իշխանություններն իրենց ողջ ջանքերն ուղղել են երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։ Ալիևի խոսքով՝ իրենք ոչ մի րոպե կանգ չեն առել այս նպատակին հասնելու համար:

«Երբեք մեզ թույլ չենք տվել մեկ օր հանգստանալ այս փառահեղ առաքելությունը կատարելիս։ Արդյունքում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության միջև ընկած ժամանակահատվածում մենք գործել ենք մի քանի ճակատներում»,- նշել է նա:

Արդեն գրեթե 23 տարի երկիրը ղեկավարող Ալիևը շեշտել է՝ այսօր Բաքվի հիմնական խնդիրներից մեկն իր ռազմական հզորության ամրապնդումն է։ «Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը չափազանց պարզ է։ Սա միշտ անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի»,- ասել է նա։

Ալիևը խոսել է նաև արտաքին քաղաքականությունից՝ ասելով, թե Բաքուն այն կառուցել և պետք է շարունակի կառուցել այնպես, որ ոչ ոք չմիջամտի իր գործերին։ «Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ, ոչ էլ որևէ մեկի հովանավորությունը»,- ընդգծել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիև. Հայաստանի հետ ձեռք բերված խաղաղությունն աննախադեպ է համաշխարհային մասշտաբով


Ալիևը պնդել է, թե էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն այժմ դարձել է աշխարհաքաղաքական և անվտանգության կարևոր գործոն։ «Որովհետև էներգետիկ անվտանգությունը նշանակում է ազգային անվտանգություն յուրաքանչյուր երկրի համար, և մեր դերը միայն կաճի»,- վստահեցրել է նա, թեև միջազգային էներգետիկ խոշոր գործակալությունների և հենց Ադրբեջանի կառավարության կանխատեսմամբ՝ երկրի նավթի արտադրությունը երկարաժամկետ հեռանկարում նվազելու է:

Նրա պնդմամբ՝ այսօր Ադրբեջանը միջազգային ասպարեզում մեծ հարգանք է վայելում և շատ հայտնի փորձագետներ ու վերլուծաբաններ արդեն իսկ երկիրը դասում են միջին տերությունների շարքին։

«Դրա համար կան բազմաթիվ պարամետրեր։ Մենք լիովին ապահովել ենք տնտեսական անկախություն և այսօր միջազգային հանրության բարձր հարգանք վայելող անդամ ենք։ Մեր ճակատագիրը մեր ձեռքում է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. Հաջիև


Ալիևը նաև պարծեցել է, թե Ադրբեջանն աշխարհի քիչ երկրներից է, որն արտադրում, արդյունահանում և արտահանում է բոլոր տեսակի էներգետիկ ռեսուրսներ՝ հում նավթ, նավթամթերք, բնական գազ, էլեկտրաէներգիա և այլն:

Ադրբեջանի նախագահը նաև հայտնել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ապրում, աշխատում և սովորում է 96,000 մարդ»։ Նրա խոսքով՝ մինչ օրս այս շրջանների զարգացման համար ծախսվել է մոտ 16 մլրդ դոլար: Նա նշել է, որ իրականացվող նախագծերի մեծ մասն ավարտվել է, և «ներքին տեղահանված անձինք արդեն վերաբնակեցվել են 48 բնակավայրերում»: «Առաջիկա տարիներին «Մեծ վերադարձը» կընթանա ավելի արագ տեմպերով»,- վստահեցրել է նա:

Համագումարի վերջում քվեարկությամբ հաստատվել է կուսակցության կառավարման խորհրդի նոր կազմը՝ բաղկացած 40 անդամից: Խորհրդի նախագահ է վերընտրվել Իլհամ Ալիևը, փոխնախագահ՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: