ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

Գևորգ ԿոստանյանըՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, հունիս, 2014թ.

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Դատախազությունից:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:

«Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև Դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - նշել էր Վարդապետյանը:

Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ:

Ըստ Նահապետյանի՝ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն և պաշտոնեական կեղծիքներ կատարելուն:

«Հետք»-ի վկայությամբ՝ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը դիմելու է ՌԴ՝ Գևորգ Կոստանյանի ու Վահագն Հարությունյանի հանձնման հարցովԳևորգ Կոստանյանն ու Վահագն Հարությունյանը դեռ հետախուզվում են Մարտի 1-ի գործով Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ, Գևորգ Կոստանյանն ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի «Մարտի 1»-ի գործը բավականին առաջընթաց է արձանագրել. Գևորգ ԿոստանյանԳևորգ Կոստանյան․ Եվրադատարանում ես պաշտպանել եմ պետության շահերըԳևորգ Կոստանյան․ «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին»