Հետընտրական պաշտոնանկություններ Սյունիքում

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան, արխիվ

Ընտրությունների հենց հաջորդ օրը Գորիսի համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ են ազատվել գործից:

«Համայնքի ղեկավարի խորհրդականն է ազատման դիմում գրել, պատճառները չգիտեմ, և համայնքի ղեկավարի օգնականը ... և ես», - «Ազատությանը» փոխանցեց Գորիսի արդեն նախկին փոխքաղաքապետ Արտյոմ Աղաջանյանը:

Ոչ միայն այս երեքը, դիմում է գրել նաև Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավարը:

Արտյոմ Աղաջանյանը Առուշ Առուշանյանի առաջին տեղակալն էր, զուգադիպություն է համարում, որ նույն օրն են Առուշանյանի թիմակիցները ազատման դիմումներ գրել:

«Ազատված եմ աշխատանքից իմ դիմումի համաձայն ... Ընտրությունների հաջորդ օրը ամսի քանի՞սն էր, 8-ին, ամսի 8-ին: Պատճառը իմ անձնական խնդիրներն են, ուրիշ ոչ մի խնդիր», - ասաց Աղաջանյանը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Առուշ Առուշանյանը զայրացել է. նրան չեն բավարարել «Քաղաքացիական պայմանագրի» ստացած քվեները:

Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մյուս համայնքապետերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում էր, պարբերաբար դատվում էր: Նրա աջակիցներն Առուշանյանին «ոսկե տղա» էին համարում, որ խանգարում է իշխանությանը: Վերջին երկու տարում Գորիսի համայնքապետը համագործակցում է իշխանության հետ, իր բացատրությամբ՝ Գորիսի զարգացման համար, չի սիրում քննարկումներ հենց այդ՝ համագործակցության թեմայով. - «Խորհուրդ կտամ հեռու մնան, եթե չեն ուզում իրանց պադյեզդի դեմը ծնոտի հետ պրոբլեմ ունենան»:

Արդյո՞ք աշխատակիցներին ազատել է ընտրությունների պատճառով. Առուշանյանն այսօր ասաց՝ հարցին չի ուզում պատասխանել:

Գորիս խոշորացված համայնքի կազմում գտնվող, Ադրբեջանի հետ սահմանին փոքրիկ գյուղ է Ներքին Խնձորեսկը, այստեղ 145 ձայն ընդդիմադիր հինգ ուժեր են ստացել, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 61. վարչական ղեկավարն ազատման դիմում է գրել ընտրություններից անմիջապես հետո:

«Իմ անձնական խնդիրների պատճառով. գյուղատնտեսությունով եմ զբաղվում, չեմ հասցնում իմ գործերս անեմ, հողի գործ եմ անում, անասուններ ունեմ ահագին, չեմ հասցնում, զուտ դրա համար», - «Ազատությանն» ասաց Արամ Արզանյանը: Ներքին Խնձորեսկի արդեն նախկին վարչական ղեկավարը պնդում է՝ ընտրական արդյունքը կապ չունի, վաղուց էր ուզում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվել:

Սյունիքի մարզի մեկ այլ բնակավայրում՝ Տեղ խոշորացված համայնքում «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Հայաստան» դաշինքը 563 քվե են ստացել, ՔՊ-ն՝ 530: Համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ սահմանային գյուղերում Փաշինյանի հռչակած խաղաղությունը չնկատողները քիչ չեն. - «Եթե խաղաղություն լիներ, խաղաղությունը, Բաքվի գերիները՝ էդ ռազմագերիները իրանց տներում կլինեն, էլի: Ո՞ր խաղաղությունն եք ասում, ես չեմ հասկանում»:

«Տեղ գյուղի 250 հեկտար հողն է վերցրել, Տեղ գյուղում ընդհանրապես պիտի ձայն չտային: Արավուսի մեր փոքր գյուղում՝ ընդհանրապես փոքր գյուղ է, 68 հեկտար մեր հողը ադրբեջանցիների, ո՞ր խաղաղությունը ասեմ, մեր հողերը իրանց տիրապետության տակ է», - հավելեց Հովսեփյանը:

Հարևան Արավուսում՝ դարձյալ փոքրիկ գյուղ, որտեղ 100-ից քիչ ավելի մարդ է քվեարկել, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 52 ձայն է ստացել, ընդդիմությունը՝ 50:

«Երեսունքանի հոգի դրսից են բերել, գրանցել են, էդ հանձնաժողովի անդամները, բանը, լրիվ ՔՊ են բան արել: Ես 80 տոկոս մեր գյուղում ձայն եմ տվել ընդդիմադիրներին», - ասաց Արգամ Հովսեփյանը:

Ի՞նչ պատկեր է Ադրբեջանից մի փողոցով բաժանված Շուռնուխում: «Գյուղի բնակիչները ավելի շատ էին, քան զինվորները, բոլորն էլ սատարում են վարչապետին», - «Ազատությանն» ասաց Շուռնուխի ՔՊ-ական վարչական ղեկավար Գրիգոր Դարբինյանը, հավելելով՝ և խաղաղ ապագային:

Այստեղ ապրողներից շատ ավելի է քվեարկածների թիվը. ըստ վարչական ղեկավարի՝ Շուռնուխում ծառայություն իրականացնողներն են և մարդիկ, որ էլ այստեղ չեն ապրում. - «Գորիս են, Ղափան են, իրանք իրանց ընտրության օրը գալիս են ընտրում, էլի»:

Երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված Ներքին Հանդում 82 հոգի է քվեարկել, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է, իսկ ընդդիմադիրներից Կապանի այս կողմի գյուղերում՝ Ներքին Հանդ, Ճակատեն, Շիկահող, ոչ թե «Ուժեղ Հայաստան»-ն է ընդդիմադիրների մեջ առաջատարը, այլ Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թևեր»-ը: Շիկահողում, օրինակ, Թաթոյանը 52 քվե է ստացել, իսկ «Ուժեղ Հայաստան»ը՝ ընդամենը 4: Ի դեպ, Ներքին Խնձորեսկում էլ ընդդիմությունը հաղթել է «Լուսավոր Հայաստան»-ի քվեների արդյունքում. Էդմոն Մարուքյանի կուսակցությունն այստեղ 64 ձայն է ստացել՝ ՔՊ-ից 3-ով ավելի: