Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը չի ընդունի ընկերության բաժնետոմսերը մոտ 380 հազար դոլարով Կառավարությանն օտարելու առաջարկը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Ազատություն»-ն անցած շաբաթ առաջինն էր հաղորդել, որ Կառավարությունն առաջարկել է ՀԷՑ-ի համար 23.3 միլիարդ դրամ՝ 62 միլիոն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ՀԷՑ-ին վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 միլիարդ 158 մլն դրամը։ Արդյունքում առաջացած գումարը, որ մնում է ՀԷՑ-ի համար, կազմում է մոտ 380 հազար դոլար։
«Դա հերթական անգամ պետության վերաբերմունքն է բիզնեսի նկատմամբ։ Իհարկե չենք ընդունելու առաջարկը, այդ առաջարկը ո՞ր բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է ընդունել, ընդհակառակը՝ այդ առաջարկը ներկայացնողին պետք է ուղարկել համապատասխան մասնագետի մոտ», - ասաց Ղազինյանը։
Վարչական դատարանն արգելել է Կառավարությանը մինչև մայիսի 25-ը իրականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարումը, քանի որ ընկերության սեփականատերերը պահանջել էին Կառավարության կողմից իրենց ներկայացված առաջարկին պատասխանելու եռամսյա ժամկետի լիարժեք պահպանում։
Եթե ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքն ու Կառավարությունը ներկայացված առաջարկի շուրջ համաձայնության չգան, ըստ օրենսդրության, դրան հաջորդելու է ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը, որը ևս ենթադրում է փոխհատուցում ընկերության սեփականատերերին։ Դրանից հրաժարվելու հնարավորություն արդեն սեփականատերը չի ունենա և փաստացի փոխհատուցման չափի հարցը կարող է վիճարկել միայն արբիտրաժային դատարանում։