ՀԷՑ-ի հանրային գերակա շահ ճանաչվելը հետաձգվում է մինչև մայիսի 25-ը

Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը հետաձգվում է առնվազն մինչև մայիսի 25-ը: Կառավարությունը մինչ այդ ընկերությունն այդ ճանապարհով ձեռք բերել չի կարող, վարչական դատարանի որոշումն է: Մասամբ բավարարելով «Տաշիր կապիտալի» հայցը՝ դատարանը երեկ արձանագրել է, որ սեփականատերը սահմանված ժամկետում կառավարության առաջարկը չի ստացել:

Կարապետյաններին պատկանող հայաստանյան թերևս ամենախոշոր ակտիվը պետականացնելու մասին իշխանությունները հայտարարեցին անցած տարի ռուսաստանաբնակ գործարարի կալանավորմանը զուգահեռ, նախ օրենսդրական փոփոխություններից հետո կարողացան ստանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարումը, ամիսներ առաջ էլ կարգավորող հանձնաժողովն ընկերությանը զրկեց լիցենզիայից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ է հաջորդելու ՀԷՑ-ի՝ լիցենզիայից զրկվելու որոշմանը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը էլցանցերի չարաշահումներից են խոսել, Կարապետյանը հերքել է մեղադրանքները

Այդ որոշումից հետո եռամսյա ժամկետ էր սահմանվել, որի ընթացքում կողմերը կարող էին համաձայնեցնել վաճառքի պայմանները: Սակայն ինչպես արձանագրում է վարչական դատարանը, սեփականատերը կառավարության առաջարկը վերջնաժամկետի ավարտից հետո է ստացել ուստի «հնարավորություն չի ունեցել համաձայնեցված կարգով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը»:

Եռամսյա ժամկետը լրացել է փետրվարի 21-ին, տարածքային կառավարման նախարարն ընկերությունը ձեռք բերելու առաջարկը փետրվարի 17-ին է ուղարկել, «Տաշիր կապիտալը», սակայն, այն ստացել է փետրվարի 25-ին: Վարչական դատարանի այս որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Արդյո՞ք բանակցությունների ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու պահանջով դատական հայցը նշանակում է, որ Կարապետյանները պատրաստ են քննարկումներին. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը չի բացառում. «Հակված չենք: Ես կարծում եմ, որ նույն առաջարկը պետք է լինի, չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվի, կստանանք, արդեն պարզ կլինի»:

Թե կառավարությունն ինչ գին էր առաջարկել ընկերությունը ձեռք բերելու համար, կողմերը չեն հանրայնացնում: Սամվել Կարապետյանի թիմից Դավիթ Ղազինյանի խոսքով՝ իրենք ՀԷՑ-ի ակտիվները մոտ մեկ միլիարդ դոլար են գնահատում, գործադիրի առաջարկն իրենց պատկերացրածից ցածր է եղել:

«Ամեն դեպքում մենք մեզ մոտ կքննարկենք, եթե այլ առաջարկ լինի, բայց հակված չենք, իմ ասած տարբերակն է՝ Սամվել Կարապետյանը փողի կամ գույքի կռիվ չի տալիս», - նշեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ-ի արժեքը՝ 1 միլիարդ դոլար, պնդում է նախկին տնօրենը. ինչ փուլում է ՀԷՑ-ի վաճառքի գործընթացը

Կարապետյանների ներկայացուցիչը պնդում է, որ ընկերության ակտիվները պետք է գնահատվեն նախորդ տարվա հուլիսի դրությամբ, մինչ ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը, քանի որ պնդում է՝ անցնող ամիսներին ՀԷՑ-ի դրությունը վատթարացել է, ընկերությանը լիցենզիայից զրկելու որոշմամբ էլ են գինը գցել:

«Իշխանությունները՝ այդ փոքրիկ խմբակ կոչվածը ձգտում են գնահատում անել արդեն լիցենզիան զրկված վիճակում, և իրենց կողմից ապիկար կառավարման արդյունքում հայտնված վիճակում ՀԷՑ-ը, որին մենք կտրականապես դեմ ենք: Այսինքն՝ մենք ՀԷՑ-ը տվել ենք ոչ ինքնակամ կառավարման պետությանը հուլիսի 18-ից, տվել ենք լիցենզիայով, տվել ենք բավականին լավ վիճակում: Այսինքն՝ վերցնեն, լիցենզիայից ապօրինի զրկեն, 8 ամիս վատ կառավարեն, գույքի, ակտիվի արժեքը գցեն ու որ գնահատե՞ն: Ես այդտեղ միտում եմ տեսնում», - նշեց նա:

Հենց Դավիթ Ղազինյանի աշխատանքի շրջանում՝ մինչ ընկերության շուրջ այս պատմության մեկնարկը, անկախ աուդիտորական ընկերությունը վերջին անգամ 2024-ի ավարտի դրությամբ է հաշվարկներ արել ու ընկերության կապիտալը մոտ 360 միլիոն դոլար գնահատել՝ չհաշված մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտավորությունները:

Եթե մոտ մեկ միլիարդ դոլարը, ինչպես ասում են, մեկնարկային գինն է, ապա, եթե, ի վերջո, գործարք լինի, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումն ի՞նչ կարժենա պետական բյուջեի համար, թիվը մոտ կլինի 360 միլիոնին, թե մեկ միլիարդին, այս պահին հնարավոր չէ ասել: Առայժմ պարզ չէ, թե ինչպես ու ինչ աղբյուրից է գործադիրը վճարելու Կարապետյաններին՝ նոր գնորդի կներգրավե՞ն, թե՞ բանկերից գումար կվերցնեն ու պետական պարտքն էլի ավելի կընդլայնեն: