Հեղուկ գազի գինը շարունակում է աճել, շատ լցակայաններում այդ վառելիքն արդեն չկա

Այսօր Երևանում հեղուկ գազը ռեկորդային բարձր գին ունի՝ մեկ լիտրի համար 290 դրամ նախկին 190-ի փոխարեն, որոշ լցակայաններում գազ չկա, իսկ մարզերում վարորդները վառելիք են փնտրում:

Վանաձորի հեղուկ գազի տասնյակ լցակայաններում վառելիքի փոխարեն «Գազ չկա» գրությունն է: Ով ինչպես կարողացել՝ տեղեկացրել էր վարորդներին, որ հեղուկ գազն սպառվել է: Աշխատակիցները նշում էին, թե արդեն մի քանի օր է՝ իրենց պաշարները վերջացել են:

«Մի քանի օր արդեն չունենք, բայց ես տեղյակ չեմ՝ ինչով է դա պայմանավորված», - «Ազատությանն» ասաց լցակայաններից մեկի աշխատակիցը:

«Ճանապարհները փակ են, դրա համար», - ասաց մեկ այլ լցակայանի աշխատակիցը, - «Գիտենք, որ բոլորը ճանապարհին կանգնած են, ինչ-որ, ձյան պատճառով կամ փլուզման պատճառներով»:

Քաղաքի ընդամենը մեկ լցակայանում էր հեղուկ գազ վաճառվում՝ 260 դրամով: Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ռան-Օյլ» լցակայանում էր, որտեղ երկար հերթ էր: Աշխատակիցն «Ազատությանն» ասաց՝ արդեն երրորդ օրն է՝ հերթով են վաճառում, ու նշեց, թե իրենց ունեցածն էլ շուտով կսպառվի. - «Համարյա պակասելու վրա է: Կոնկրետ չեմ կարա ասեմ, կարող է կես ժամ, կարող է մեկ ժամ, չեմ կարա ասեմ կոնկրետ, կարող է մի ժամից էլ նույնիսկ ավարտվի գազը»:

«Ռան-Օյլ» լցակայանների սեփականատեր «Մեգա Թրեյդ» ընկերությունը ադրբեջանական բենզինը գնած երկու կազմակերպություններից մեկն է: Ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն «Ազատությանը» տեղեկացրեց, թե նկատի ունենալով, որ դեկտեմբերից ձյան պատճառով մշտապես փակվում է Լարսի անցակետը, նախապես մեծ պաշարներ են կուտակել: Նշեց, որ այսօր իրենց բեռնատարներն էլ են կանգնած Լարսի անցակետում:

Փրկարար ծառայության տվյալներով՝ մինչև երեկ Լարսի ավտոճանապարհը փակ էր հատկապես բեռնատարների համար: Այսօրվա հաղորդագրության համաձայն՝ արդեն ավտոճանապարհը բաց է: Թե որքան արագ հեղուկ գազ տեղափոխող մեքենաները լցակայաններ կհասնեն, դեռ հայտնի չէ:

Մինչ այդ, մարզերում վարորդները տեղից-տեղ են գնում մեքենան լիցքավորելու համար: Տեղացի վարորդներից մեկը նշեց, թե նույն իրավիճակն է նաև Լոռու մարզի այլ քաղաքներում:

Ալավերդի քաղաքից տեղեկություն ստացանք, որ մինչև Բագրատաշեն հատուկենտ լցակայաններում է հեղուկ գազ ճարվում, այն էլ սահմանափակումներով են վաճառում: Եղած գազը միայն իրենց մշտական հաճախորդների համար է, այն էլ՝ ավելի բարձր գնով՝ 270 դրամով:

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, պատկերը մի քիչ ավելի մեղմ է: Լցակայանների մի մասում «Գազ չկա» գրությունն է, բայց մի քանիսում գազ կգտնես, ընդ որում՝ համեմատաբար էժան՝ 240 դրամով:

Դեռ երեկ Կառավարության նիստում անդրադարձ եղավ հեղուկ գազի թանկացմանը: Բայց խոսք չկար ստեղծված դեֆիցիտի մասին: Կառավարության անդամները բացառեցին, որ թանկացումը կապ ունի Ադրբեջանից երկու անգամ ներկրված բենզինի հետ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, թե ամեն տարի դեկտեմբերին հեղուկ գազի գինը բարձրանում է, գարնանը՝ նվազում:

«Ամեն տարի Լարսը երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում: Սովորական պրոցես է՝ ապրիլ, մայիս ամիսներին էժան է, դեկտեմբեր ամսին թանկ է, և էստեղ որևէ ինչ-որ լուրջ պրոբլեմ գոյություն չունի և դեֆիցիտ ևս գոյություն չունի», - ասաց Գևորգյանը:

«Չէ դե, էն, ինչ որ նկարագրեցիք, արդեն լուրջ պրոբլեմ է, հարցը էդ չի, բայց դա խնդիր է, որ այդ թվում պետք է լուծվի», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեռ երեկ Կառավարությունում խոսում էին ընդամենը 40-50 դրամ թանկացման մասին: Այսօր արդեն մինչև 100 դրամով է թանկացել այս վառելիքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեղուկ գազի գնի աճը պայմանավորված է Իրանի իրադարձություններով և եղանակային գործոններով. Պապոյան