«Հայփոստը» կրկին մերժել է պետական ընկերությանը վերաբերող տվյալներ տրամադրել «Ազատություն» ռադիոկայանին՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանությանը։
Սրան զուգահեռ, Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհրդատվական կարծիք է հայտնել, որ պետական «Հայփոստ» ընկերությունն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետք է տրամադրեն «Հայփոստ»-ին առնչվող մի շարք տեղեկություններ և որ դրանց վրա անձնական տվյալների պաշտպանության կարգավորումները չեն տարածվում։
«Ազատությունը» շաբաթներ առաջ «Հայփոստից» խնդրել էր հայտնել, թե ովքեր են ընկերության տնօրենի՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ խորհրդականները։ Ընկերությունից մերժել են տեղեկատվության տրամադրումը։ Նույն կերպ անցած ամիս պետական ընկերությունն ու ԲՏԱ նախարարությունը հրաժարվել էին պատասխանել հարցին՝ ովքեր են եղել մրցութային հանձնաժողովի անդամները, որոնք ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կնոջն ընտրել էին «Հայփոստ»-ի տնօրեն, և ում հետ էր մրցակցում Կոնջորյանի կինը թափուր հաստիքի համար։ Ավելին՝ «Հայփոստ»-ը հրաժարվել էր հայտնել, թե ովքեր են իր կառավարման մարմիններից մեկի՝ Դիտորդ խորհրդի անդամները։ Այս բոլոր դեպքերում նրանք հղում էին արել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, մասնավորապես այն դրույթին, ըստ որի, երրորդ կողմին անձնական տվյալներ չեն փոխանցվում առանց այն անձանց համաձայնության, ում վերաբերում է հարցումը։
Նույն կառավարությանը ենթակա Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, մինչդեռ, արձանագրել է, որ «Հայփոստ»-ը և նախարարությունը հանրային նշանակության կազմակերպություններ են և նրանց վրա տարածվում են տեղեկատվության մատչելիության ապահովման պահանջները։ «Մրցութային հանձնաժողովի անդամների անուն-ազգանունը և հանձնաժողովի կազմում նրանց մասնակցության վերաբերյալ տեղեկությունները վերաբերում են նրանց մասնագիտական կամ ծառայողական գործունեությանը։ Ընդ որում՝ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, անձի անունը և ազգանունը դասվում են հանրամատչելի անձնական տվյալների շարքին, հետևաբար միայն այն հանգամանքը, որ նշված տեղեկությունները ֆիզիկական անձանց վերաբերող անձնական տվյալներ են, ինքնին բավարար չէ դրանց տրամադրումը մերժելու համար»,- «Ազատությանը» հայտնել են գործակալությունից։
Միևնույն ժամանակ, այս մարմինը կարիք է տեսնում առանձին գնահատել՝ ինչպես, ինչ ծավալով պետք է տրամադրվեն «Ազատության»-ը տեղեկություններ «Հայփոստ»-ի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների վերաբերյալ՝ «հաշվի առնելով մրցույթի կազմակերպման ու հրապարակայնության վերաբերյալ իրավական կարգավորումները, ինչպես նաև սուբյեկտների իրավունքներն ու օրինական շահերը»։
Գործակալության եզրակացությամբ՝ անգամ եթե պահանջվող փաստաթղթերը պարունակում են տվյալներ, որոնց տրամադրումը սահմանափակված է օրենքով, ապա դա հիմք չէ, որ պահանջված բոլոր տվյալների տրամադրումը մերժվի. «հնարավոր է սահմանափակ հասանելիության տեղեկություններն առանձնացնել, չտրամադրել կամ ըստ անհրաժեշտության, ապաանձնավորել ու տրամադրել տեղեկությունների մնացած մասը»,-առաջարկել են գործակալությունից։
«Ազատություն»-ը «Հայփոստ»-ից և ԲՏԱ նախարարությունից խնդրել էր տրամադրել նաև «Հայփոստ»-ի բաժնետերերի ժողովների արձանագրություններն ու որոշումները, որոնք ևս չէին տրամադրվել՝ հղում կատարելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքին։ Գործակալությունից նշել են, որ իրենք կարող են գնահատականներ տալ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, բայց, ըստ տեղեկատվության ազատության մասին օրենքի, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն չունեն։
«Հայփոստ»-ի թափանցիկության, մի շարք տվյալներ չտրամադրելու խնդրին «Ազատություն»-ն անդրադարձել էր հուլիսի 31-ին։ Պետական մարմիններից հնարավոր չէր եղել պարզել՝ ինչպես է կապի ազգային օպերատորի տնօրեն դարձել հենց ՔՊ-ական պատգամավորի կինը, ինչպես է ձևավորվել նրա ամսական 10, 000 դոլար աշխատավարձը, ովքեր են նրան ընտրել այդ պաշտոնում և ինչպես է փոխվել աշխատավարձի չափը վերջին տարիներին։
«Հայփոստ»-ը թաքցնում է, թե ովքեր են ընկերության տնօրենի օգնականներն ու խորհրդականները
Մինչ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը «Հայփոստ»-ից մի շարք տվյալների տրամադրման մերժման հիմքերը կասկածի տակ է դնում, պետական ընկերությունը շարունակում է մի շարք առանցքային տեղեկություններ թաքցնել։ Օգոստոսի 6-ին «Ազատություն»-ի դիմել էր «Հայփոստ»-ի տնօրենին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե ովքեր են հանդիսանում ընկերության տնօրեն Շուշան Ալեքսանյանի օգնականներն ու խորհրդականները, քանի՞ նման հաստիք կա, խնդրել էինք նաև տրամադրել ընկերության ստորաբաժանումների ղեկավարների ու նրանց տեղակալների տվյալները։
Արձագանքելով հարցմանը՝ «Հայփոստ»-ից հրաժարվել են տրամադրել այդ տվյալները՝ դարձյալ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Պետական ընկերությունը մի շարք օրենքներ է մեջբերել, այդ թվում՝ անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության մասին։ Չի տրամադրվել նաև նշված հաստիքների քանակի մասին տեղեկություն։
Հայփոստի պատասխանը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանումՀանրային նշանակության կազմակերպություն համարվող «Հայփոստ»-ի տնօրեն Շուշան Ալեքսանյանի աշխատավարձի չափը, որ գերազանցում է ամսական 10, 000 դոլարը, ևս, հավանաբար, հնարավոր չէր լինի իմանալ, եթե վերջինս չունենար տարեկան հայտարարագիր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն՝ որպես Հայկ Կոնջորյանի հետ փոխկապակցված անձ։
Մկրտիչ Կարապետյան