Հայաստանյան շատ բանկեր խստացնում են կանխիկով ռուսական ռուբլի մուտքագրելու պայմանները՝ մի քանի անգամ բարձրացնելով միջնորդավճարները:
«Ինեկոբանկն», օրինակ, այսօրվանից ընդհանրապես դադարեցնում է կանխիկով ռուսական ռուբլու մուտքագրումը՝ հայտնելով, որ հուլիսի կեսերից ռուսական կանխիկ ռուբլի մուտքագրելու համար պահելու է գումարի 10 տոկոսը: Նման հաղորդագրություն՝10 տոկոս միջնորդավճար սահմանելու մասին ստացել են նաև «Այդիբանկի», «Արարատբանկի», «Արդշինբանկի» հաճախորդները:
«Կոնվերսբանկ»-ում, ըստ զանգերի կենտրոնի տրամադրած տեղեկատվության՝ հիմա 5 տոկոս է միջնորդավճարը, իսկ «Հայէկոնոմ»-ում՝ 2, բայց հաջորդ շաբաթվանից այս երկու բանկն էլ դարձյալ 10 տոկոս կվերցնեն կանխիկ ռուբլի մուտքագրելու համար:
5 տոկոս է միջնորդավճարը «Ամերիաբանկ»-ում, այստեղից նշեցին, որ կանխիկ ռուբլի մուտքագրելիս պարտադիր պետք է նշել նաև եկամտի աղբյուրը: Համեմատության համար՝ կանխիկ դոլար ու եվրո մուտք անելը նույն «Ամերիաբանկ»-ում անվճար է:
Կենտրոնական Բանկ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իրենց կողմից որոշում կամ ցուցում միջնորդավճարների մասով չկա, բանկերն ինքնուրույն են որոշում, թե ինչ պայմաններ սահմանեն այս կամ այն գործարքի համար:
«Բանկերը, ելնելով գործող կարգավորումներից, սեփական ռիսկերի գնահատումից և ռիսկերի կառավարման քաղաքականությունից, ինքնուրույն են որոշում կայացնում հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու և որոշակի ծառայություններ, այդ թվում՝ դրամական միջոցների մուտքագրման, մատուցելու պայմանների վերաբերյալ»,- հայտնում են Կենտրոնական բանկից և հավելում.-
«Ինչ վերաբերում է կարգավորող մարմնի կողմից բանկերի համար կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումների հարցին, ապա նշենք, որ Կենտրոնական բանկը նման սահմանափակման հետ կապված որևէ որոշում չի ընդունել և ֆինանսական կազմակերպությունների հետ որևէ հաղորդակցում չի իրականացրել. ինչպես արդեն նշվեց՝ ֆինանսական կազմակերպություններն իրենց գործունեությունը պետք է կազմակերպեն ինքնուրույն՝ Հայասատնի օրենսդրության, միջազգային օրենքների և գործընկեր բանկերի երկրների օրենքների պահանջներին համապատասխան»:
Ուշագրավ է, որ հայաստանյան բանկերը ոչ միայն մեծ միջնորդավճար են սահմանել կանխիկ ռուբլով հաշիվը համալրելու համար, այլև մեծ տարբերություն են սահմանել կանխիկով առքի ու վաճառքի միջև:
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը ևս նկատել է այս միտումը:
«Մեր բանկերում, սովորաբար, ռուսական ռուբլու առաջարկն աելի մեծ է, քան պահանջարկը»,- Ֆանյանն ասում է՝ ինքը փորձել է հասկանալ, թե ինչ խնդիր կա, ֆինանսական շրջանակներից անանուն մնալու պայմանով իրեն ասել են՝ ռուսական ռուբլին պահելը ու հետո Ռուսաստանին հանձնելը բարդացել է:
«Առաջացել է խնդիր, ինձ հասած տեղեկություններով, ռուսական կողմը պահանջում է, որպեսզի մեր բանկերը ներկայացնեն այդ գումարի ծագման աղբյուրը, նաև անձանց ցանկը, ովքեր փոխանակումներն իրականացրել են, ինչը հակառակ կողմից մեր ՀՀ օրենսդրության ոտնահարում է, խախտում է: Բանկերն, ըստ էության, չեն կարող բացահայտել, որ կոնկրետ անձինք ինչ-որ գումարի չափով գործարքներ են իրականացրել: Դա բանկային գաղտնիքի ոտնահարում կլինի»,- շեշտում է Ֆանյանը:
Ռուսաստանի կենտրոնական բանկն օրերս է հաստատել փաստը, որ ռուսաստանցիները երկրի ներսում սկսել են ավելի շատ գումար կանխիկացնել, իսկ մաքսային ծառայությունը հայտնել է, որ ավելացել է նաև կանխիկի հոսքը դեպի ԵԱՏՄ երկրներ:
Դեռ տարվա սկզբից Ռուսաստանի նախագահը հանձնարարել էր ուժեղացնել երկրում կանխիկ դրամի շրջանառությունը, ապրիլից էլ ուժի մեջ է մտել հրամանագիրը, որով սահմանափակվում է 100 հազար ԱՄՆ դոլարից ավելի համարժեք ռուբլու արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ:
Ռուսական լրատվամիջոցներն, ի դեպ, գրում են, որ կանխիկ ռուբլու ընդունման համար բարձր միջնորդավճար է սահմանվել նաև Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում: Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի բանկերում էլ 2-5 տոկոս միջնորդավճարներ է սահմանվել կանխիկով ռուսական ռուբլի մուտաքգրելու համար:
Հայաստանյան բանկերը կանխիկ ռուբլու մուտքագրման համար բարձր միջնորդավճարներ սահմանելու պատճառներն իրենց հայտարարություններում չեն նշել:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5
Հայաստանյան շատ բանկեր խստացնում են կանխիկով ռուսական ռուբլի մուտքագրելու պայմանները