Խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը, այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը:
Կայա Կալլասը մանրամասնել է՝ հարցը քննարկել են ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա հանդիպմանը:
«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալլաս․ Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-իցՔիշնևին Բրյուսելն օժանդակել է Մոլդովայում Եվրամիության գործընկերության առաքելության միջոցով: Ըստ պաշտոնական կայքի՝ 2022 թվականից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից ի վեր, Մոլդովայում հիբրիդային հարձակումներ են նկատվել, որոնց նպատակը եղել է վարկաբեկել դեմոկրատական ինստիտուտները: Ընտրություններից առաջ Մոլդովան հայտարարում էր Ռուսաստանից զանգվածային միջամտությունների մասին։ Երկրի ռուսամետ ընդդիմությունը մեղադրանքներն անհիմն էր որակում, Ռուսաստանն էլ դա համարում էր «հակառուսական հիստերիա»:
Հայաստանի արտգործնախարարությունը շատ մանրամասներ չի փոխանցում այսօրվա հանդիպումից: Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում շատ հպանցիկ նշել է՝ քննարկել են նաև հիբիրդային սպառնալիքները: Թե ինչ է սա նշանակում և որ երկրից կամ երկրներից են գալիս այդ վտանգները, նախարարը չի բացահայտել:
«Քննարկել ենք ԵՄ- Հայաստան համագործակցության ոլորտում բոլոր հիմնական ձեռքբերումները՝ սկսած տնտեսությունից, դիմակայանության ամրապնդումից, մինչև անվտանգության հետ կապված հարցեր, ներառյալ հիբիրդային սպառնալիքները և Եվրամիության խաղաղության մեխանիզմի շրջանակներում աջակցությունը», - ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հետաքննություն. ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ Ռուսաստանն ակտիվացնում է քարոզչությունը ՀայաստանումՈր Հայաստանի իշխանությունը 2026-ի ընտրություններից առաջ արտաքին վտանգները չեզոքացնելու համար օգնության կարիք ունի, խորհրդարանում այսօր հաստատեց «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահը: Գևորգ Պապոյանը, սակայն, սպառնալիքների մասին ոչ թե կոնկրետ տեղեկություններ ուներ, այլ ենթադրություններ:
«Հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մասնավորապես՝ մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել և տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների», - ասաց Էկոնոմիկայի նախարարը:
ՔՊ-ական Պապոյանը ևս չասաց՝ որ երկրից կամ երկրներից են նման հարձակումներ սպասվում, բայց շեշտեց՝ պայքարի համար իրենց անհրաժեշտ է փող, ուժ ու գիտելիք, ինչպես ինքը ձևակերպեց՝ ժամանակին կտրուկ գործելու համար: Իսկ Եվրամիության հաջողված փորձն, իշխանության ներկայացուցչի կարծիքով, կարելի է կիրառել նաև Հայաստանում: Պապոյանի խոսքով. - «Ժողովրդավարկան երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքով, ուժով ու գումարով, որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը Հայաստանին 12 մլն եվրոյի աջակցություն կտա այդ թվում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համարԲրյուսելն արդեն հայտարարել է, որ ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո աջակցություն է տրամադրելու Երևանին՝ արտաքին միջամտության դեմ պայքարի համար: Եվ եթե հայ պաշտոնյաները երկրի անուն չեն նշում, ապա եվրոպացի պաշտոնյաները ուղիղ են հայտարարում՝ խոսքը Ռուսաստանի մասին է: Այդ մասին խոսել է թե՛ Կայա Կալլասը դեկտեմբերի սկզբին Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրման ընթացքում, թե՛ Գերմանիայի կանցլերը Հայաստանի վարչապետի հետ անցած շաբաթ Բեռլինում տեղի ունեցած համատեղ ասուլիսում:
«Այդպիսի ժողովդրավարական մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի է ունենալու Հայաստանում: Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են կիրառում, հատկապես՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և Արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին և սխալ տեղեկություններ տարածել ԵՄ-ի արժեքների մասին», - հայտարարել էր Գերմանիայի կանցլերը:
Ֆրիդրիխ Մերցի այս պնդմանը Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չէր արձագանքել: Հայաստանում սպասվող խորհրդարական ընտրությունները Եվրամիության հետ քննարկելը, ընդդիմադիրների գնահատմամբ՝ բացահայտ միջամտություն է պետության ներքին գործերին: Իշխանական Պապոյանը համաձայն չէ:
«Մոտավորապես էսպես է իրավիճակը՝ եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծելու, դուք ոստիկանություն եք դիմում, ասում եք՝ այս մարդը ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի, այդ դեպքում՝ եթե դուք դա համարում եք, որ դա ձեր ներքին, ընտանեկան կյանքի միջամտություն է, միգուցե», - ՔՊ-ական պաշտոնյան դարձյալ ենթադրություններ անելով շարունակեց.- «Եթե մի կողմում նժարի վրա հետևյալն է՝ երկրի իշխանությունը կորցնելը, երկրում ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդից իշխանությունը վերցնելը և ձեր ասածը, այո, ես ակնհայտորեն կնախընտրեմ դա, որպեսզի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի ձեռք բերել»:
«Ով դեմ է այս իշխանություններին, ասում են՝ ռուսի շպիոն է». Ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համար անհասկանալի է՝ ի՞նչ նկատի ունեն ՔՊ-ականները հիբրիդային պատերազմ ասելով: Հարցնում է՝ ընդդիմադիրներին ուղղված իշխանականների առանցքային մեղադրանքներից մեկի՝ օտարերկյա գործակալ լինելու վերաբերյալ ինչո՞ւ մինչ օրս մեկ քրեական գործ չկա:
«Այդ հարցի հետ կապված մինչև վերջ գնացեք կամ սուտ տեղեկություններ մի տվեք, այսինքն՝ մի ստեք, այս մարդիկ խաբում են, ամեն անգամ խաբում են մեր հանրությանը, մեր հասարակությանը, կա այդ հարցումների պատասխանը, ԱԱԾ այդ առումով մի քանի նամակները կարող ենք ձեզ տրամադրել: Հիմա այս իշխանություններին ով դեմ է, ասում է՝ ռուսի շպիոն է», - ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանին ցանկանում են գործիք դարձնել Ռուսաստանի դեմ, իշխանականները մինչդեռ մշտապես շեշտում են՝ Երևանը վարում է բալանասավորված և բալանսավորման քաղաքականություն: