Հայաստանը TRIPP-ի շրջանակում պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, արխիվ

TRIPP նախագծի շրջանակում Հայաստանը պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները, ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ նշելով, որ ռիսկերը վերլուծելու է հայկական կողմը, ինչպես նաև իրականացնելու է զննումները:

«Այստեղ խոսքը գնում է այնպիսի պարզ գործողությունների մասին, որտեղ մարդը հնարավոր է շփում ունենա, օրինակ, ինչ-որ վճարում անի, փաստաթղթի ներկայացման կարիք լինի, պարզ գործողությունների մասին է, որոնք որևէ կերպ չեն ազդում մաքսային վարչարարության վրա: Հիմա ես որ նայում եմ՝ մենք ինչ տեֆորմներ ենք իրականացնում, այդ բոլորը խոսում են նրա մասին, որ մեր մոտ անհպում մաքսային սպասրակման, վարչարարության ենք գնում, ընդ որում, դա կապ չունի TRIPP-ի կամ դրա հետ փոխկապակցված կետերի մասին է, թե բոլոր կետերով: Մենք հիմա թվային նոր պլատֆորմ ենք ստեղծում մաքսային ծառայողների համար, մենք մաքսիմալ անհպում աշխատող կետեր ենք ունենալու», - ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ եթե առաջանա ռիսկային իրավիճակ կամ բեռի զննման անհրաժեշտություն, որոշումը կայացնելու է մաքսային ծառայողը, չի կարող միջազգային օպերատորի ֆրոնտ օֆիսն այդպիսի որոշում կայացնել։

«Ինչ վերաբերում է հստակ այն գործառույթներին ֆրոնտային, թե ինչ պետք է անի, դա քննարկման փուլում է, կֆիքսվի համապատասխան պայմանագրով: Ես վստահեցնում եմ՝ մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են», - ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե թվայնացման պայմաններում ինչո՞ւ է անհրաժեշտ միջազգային օպերատորի ներգրավումը, Հակոբյանը նշեց, որ սահմանների բացման պարագայում, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում, անհրաժեշտություն է առաջանալու իրականացնել նաև որոշակի գործողություններ։

«Ցանկացած սահման ինչ-որ մինիմալ գործառույթներ ունի, որովհետև տարբեր արտահանողներ, ներմուծողներ, այդ թվում ՝ ֆիզ. անձինք, սահմանն անցնելիս միշտ չի, որ լինում է համապատասխան փաստաթուղթը, կարող է ինչ-որ մի բան մոռանում են փաթեթին կցեն, մինիմալ գործառույթներ միշտ կան՝ անկախ թվայնացումից», - մանրամասնեց Հակոբյանը:

Իսկ թե ինո՞ւ Հայաստանի մաքսային աշխատողը դա չի անում, ՊԵԿ նախագահն ասաց. «Դա իրականում բավական ինտեգրված աշխատանք է լինելու: Ինչ վերաբերում է մոդելին, այդ մոդելը բավականին վաղուց ֆիքսված մոդել է: Ֆիքսվել է, որ ֆրոնտային գործառույթի անհրաժեշտությունը կա, քանի որ խոսում ենք մի հատվածի երկաթուղու ու սահմանների բացման մասին, որոնք երկար տարիներ փակված են եղել, բնական է, որ ինչ-որ երրորդ գործառույթի անհրաժեշտություն կա, որը նաև վստահության հարց կլուծի:

Հայ-ամերիկյան TRIPP նախագծի իրականացման համար նախատեսվում է մասնավոր օպերատորի ներգրավում։ Միաժամանակ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և պետական մարմինների իրավասությունները պահպանվելու են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գրիգորյան. TRIPP-ի վավերացված փաթեթը ոչ թե տարածքային, այլ կոնցեսիոն իրավունքների մասին էTRIPP-ի համաձայնագիրը վավերացվեց. ընդդիմադիրները դեմ քվեարկեցին Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը TRIPP-ի ենթակառուցվածքների նկատմամբ. Միրզոյան