«Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ սահմանի բացմանը». ԼՀԿ ներկայացուցիչները Մարգարայում էին

Հայ-թուրքական սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի դրա բացմանը, այսօր Մարգարա սահմանային բնակավայրից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Ոչ մի ուժ Հայաստանը չի պատրաստել, չի պատրաստում և չունի նախագծեր, չունի պլաններ մեզ պատրաստելու այս սահմանի բացմանը, որը պնդում ենք, որ վաղ թե ուշ, այո, բացվելու է: Սակայն մենք հավելյալ որևէ նվաստացուցիչ զիջման նաև չենք գնալու այս սահմանի բացման համար», - ասաց Մարուքյանը:

Հենց Մարգարայում է ցամաքային անցակետը, որը չնայած վերանորոգված-պատրաստ է գործարկմանը, բայց սահմանի այն կողմում իրենց Ալիջանի անցակետը բացել դեռ չեն շտապում: Իսկ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների առջև «ամենասեղմ ժամկետներում» բացելու պայմանավորվածությունը Երևանն ու Անկարան ձեռք էին բերել դեռ 2022 թվականին՝ չորս տարի առաջ:

ԼՀԿ առաջնորդը նկատեց՝ թեև հայկական կողմն ամեն ինչ արել է սահմանի բացման համար, միևնույն է, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան գործընթացով:

«Ադրբեջանի պահանջները չեն վերջանում, անդադար այդ պայմանները ավելանում են, և այս սահմանն էլ չի բացվում», - ասաց Մարուքյանը:

«Պատասխանատվությունը բարդում են մեր վրա՝ այ, եթե մենք խելոք պահենք, սահմանը կբացվի։ Սահմանը խելոք մնալով չի բացվում, պարոն Մարուքյան, սա պետք է մարդկանց բացատրել», - նշեց կուսակցության պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանը:

Մինչդեռ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հայ - թուրքական երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող է լինել ամբողջական կարգավորում, ընդ որում՝ լուրջ տնտեսական ձեռքբերումներով:

«Բայց քանի դեռ զանազան, զանազան, կարա լինի տեխնիկական, կարա լինի քաղաքական, կարա լինի նաև Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որևէ այլ ցանկացած պատճառով, քանի դեռ դա ամբողջական չի եղել, միևնույն է՝ ուրախալի է տեսնել, որ այդ արանքում նաև լինում են բազմաթիվ այլ քայլեր, որոնք, ասենք, այսպես, պատկերավոր ասած՝ մեծ փազլի մեջ առանձին կտորներ հավաքվում են», - ասել էր Արարատ Միրզոյանը:

Արտաքին գերատեսչության ղեկավարը վստահություն էր հայտնել, թե «առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի», անդրադարձել էր նաև երկկողմ առևտրի մեկնարկին:

Նախօրեին հայտնի էր դարձել նաև, որ Երևանն ու Անկարան ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Երևանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը վստահեցրել էր, թե Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրն արդեն հնարավոր է։ Թե որքանով այս հայտարարությունները կյանքի կկոչվեն, դեռ հայտնի չէ:

Մինչ այդ «Լուսավոր»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Կարպիս Փաշոյանը պնդում է, թե հայ - թուրքական հարաբերությունների նշանակությունը չափազանցված է: Ըստ նրա՝ սահմանը կարող էր բանակցային կարևոր գործոն լինել, քանի դեռ Արցախն ու հարակից յոթ շրջանները հայկական կողմի վերահսկողության տակ էին: Նախկինում սահմանի բացման պայմանը Արցախն էր, այժմ Թուրքիան նոր պահանջներ է դնում:

«Էն ժամանակ թուրքերը ասում էին՝ «չորս գյուղ տվեք, սահմանը բացենք»։ Հիմա ամբողջն ենք տվել՝ ամբողջ Արցախը տվել ենք, բա ինչի՞ չեն բացում: Որովհետև հայ քաղաքական հանճարեղ միտքը նորից էդ ֆռիկների մեջ է, էլի, մտնում, չի ուզում հասկանա, որ հայ - թուրքական հարաբերությունները առկախված են հայ - ադրբեջանական հարաբերություններից, իսկ մեզ թվում է, թե մենք կարող ենք սեպ խրել երկու թյուրքական պետությունների միջև, որ Թուրքիան՝ որպես մեծ եղբայր, հավասարության նշան դնի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Էդպես չի լինում», - ընդգծեց Փաշոյանը:

Նա անհարկի է համարում հարցին աշխարհաքաղաքական բովանդակություն տալն ու հայ - թուրքական հարաբերությունները հայ-ռուսականին հակադրելը: «Ոչ մի տնտեսական թռիչք կամ քաղաքական ինքնիշխանություն պետք չէ ակնկալել», - ասում է. - «Ոչ մի նման արդյունք, տնտեսական թռիչք, քաղաքական ինքնիշխանություն պետք չի ակնկալել: Եվ ընդհանրապես, ես հավատարիմ եմ մնում էն համոզմանը, որ մենք չպետք է մեր ինքնիշխանությունը պայմանավորենք աշխարհաքաղաքական դերակատարների հարաբերություններից, այսինքն՝ մեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ, որովհետև էդտեղ մեզ ոչինչ չի կարող սպասել աղետից բացի»։

Խորհրդարան անցնելու դեպքում «Լուսավոր Հայաստան»-ը խոստանում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որն, ըստ Էդմոն Մարուքյանի «կպաշտպանի հայաստանցուն, հատկապես սահմանակից Արմավիրի մարզի բնակիչներին, ինչպես նաև երկրի տնտեսությունը, անշարժ գույքի շուկան, արժեթղթերն ու ռազմավարական օբյեկտները»:

Մարուքյանը հիշեցրեց՝ Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակումներ ունեն, նույնը պետք է գործի նաև Թուրքիայի քաղաքացիների համար Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները նշում են՝ թեև համաձայն են սահմանի բացմանը, բայց ոչ «հայաստանցու արժանապատվության հաշվին»:

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող մեր ռազմավարական օբյեկտներն ու ինստիտուտները դնել վտանգի տակ: Եվ ահա սրա համար է նաև, որ շատ կարևոր է, որ մեր տնտեսվարողը, գյուղացին, ջերմոցային տնտեսություններ ունեցողները, գործարարները, ովքեր որ որևէ կերպ զբաղված են այստեղ բիզնեսով, էս մարզում հիմնականում նաև, լինեն պաշտպանված», - շեշտեց Մարուքյանը:

Հայ - թուրքական սահմանը փակ է 1990-ականների սկզբից: Մայիսի սկզբին Երևան ժամանած թուրք բանագնաց Սերդար Քըլըչը հրաժարվել էր ասել, թե Անկարան երբ է նախատեսում բացել Հայաստանի հետ սահմանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ-թուրքական երկխոսությունը «հասունացած է», Թրիփը՝ փաստաթղթային փուլում. ՄիրզոյանԱնկարայի և Երևանի միջև առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են«Բարձր տոկոսներով վարկեր, խարդախություններ». Էդմոն Մարուքյանը խոստանում է «քանդել մարդկանց թալանող համակարգը»Ընտրարշավը սկսեցին ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, «Միասնության թևեր»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը«Թարախ», «Սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող». Մարուքյանի և Հարությունյանի առճակատումը«Ո՞նց կարելի է ժողովրդին տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր». Գալյան-Մարուքյան քարոզարշավային բանավեճՔըլըչը չի ասում՝ երբ է Թուրքիան նախատեսում բացել Հայաստանի հետ սահմանը