Հայաստանը դիմել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամին աջակցության երրորդ ծրագրի համար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Եվրամիության անդամ 27 երկրները հունվարին հավանություն են տվել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը երկրորդ փուլում:
Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Բուդապեշտն այն արգելափակել էր։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, թե Հունգարիան դեմ չէ, որ Հայաստանը աջակցություն ստանա, պայմանով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Դիվանագիտական հանդիպումներից ու կուլիսային բանակցություններից հետո, սակայն, Հունգարիան փոխել է դիրքորոշումը։
Առաջին աջակցությունը տրամադրվել էր 2024 թվականի հուլիսին՝ 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։
Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: