Հայաստանցի վարորդներին կրկին կթույլատրվի տարվա ընթացքում 180 օր գտնվել Ռուսաստանում

Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարներ Վրաստանի տարածքում, արխիվ

Գրեթե մեկուկես տարվա բողոքի ակցիաներից ու դժգոհություններից հետո, հայկական բեռնատարների վարորդներն օրերս լավ լուր ստացան. հունիսի 30-ից կրկին կարող են մեկ տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել Ռուսաստանում: Մոսկվան վերանայել է կրճատված 90-օրյա ժամկետը:

«Այ դա լավ նորություն ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի վարորդ:

«Ինչ 90-ը, ինչ 180-ը՞. 180 օրը բավականին մեծ ժամկետ ա», - ասաց մյուսը:

Վարորդները ռուսական լրատվամիջոցներում էին տեսել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած որոշումն ու մանրամասներն իմանալու համար դիմել միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանին:

Շուրջ 800 վարորդներից բաղկացած խմբում Բեժանյանը նրանց բացատրում է՝ մարդատար և բեռնատար մեքենաների վարորդները կկարողանան մեկ տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել ՌԴ տարածքում, եթե ruID հավելվածում մի շարք փաստաթղթեր ներբեռնեն. - «Հունիսի 30-ից սկսաց ruID համակարգով, որը հեռախոսային հավելված է, բեռնափոխադրման փաստաթղթերը, անձնագիրը պետք է սքանավորված լրացնեք, գրեք նպատակը, որ բեռնափոխադրում եք իրականացնում, բեռնափոխադրման փաստաթղթերն եք կցում՝ մեկնելուց 72 ժամ առաջ, և ամեն մեկնելուց պետք է էդ պրոցեդուրան անցնեք, որպեսզի համոզվեն, որ մեկնողը բեռնափոխադրող է»:

Ռուսաստանում միգրացիոն խստացումներից հետո 90-օրյա ժամկետը խախտողները տուգանվում կամ 3-5 տարվա մուտքի արգելք էին ստանում։

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ավելի քան 60 վարորդի տվյալ ունի, որոնց մուտքը 3-5 տարով արգելված է՝ 90-օրյա ժամկետը խախտելու համար:

Բեռնափոխադրողները բողոքի ակցիաների ժամանակ ասում էին, որ Հայաստանի համար այդ սահմանափակումն անիրատեսական է, քանի որ Լարսի անցակետը հաճախ փակվում կամ խցանվում է, և իրենք շաբաթներով մնում են ճանապարհին՝ սպառելով թույլատրելի օրերը։

Վարորդներից մի քանիսը չներկայանալու պայմանով «Ազատությանը» պատմեցին, որ այս ընթացքում իրենցից շատերը դադարել են ապրանք տանել Ռուսաստան, որովհետև կամ արդեն լրացրել են 90 օրը, կամ էլ մուտքի արգելք ունեն. - «Շատերը էդ 90 օրվա խաթեր չեն քշում, որ չլրանա իրանց 90 օրը, մի չորս ամիս քշեն ու մնացածը կանգնեն ութ ամիս: Կոնկրետ 90 օրվա ամար, էդ դեպորտների համար, էդ տուգանքների համար չեն ուզում Ռուսաստան գնան, Հայաստանում ինչ-որ մի բան ճարել են, աշխատում են, էլի: Սաղիս էլ ձեռնտու ա, 180 օրը նորմալ ա, էլի, որ գնան-գան, որոշ մարդիկ էլ էլ դեպորտ չեն լինի»:

Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում 90, հիմա արդեն 180 օր գտնվելու ժամկետը միայն Հայաստանին չի վերաբերում, այլև՝ ԱՊՀ բոլոր երկրներին, որոնց քաղաքացիները Ռուսաստան են մտնում առանց վիզայի։

Ռուսաստանը մի նոր որոշում էլ ունի. այն ընկերությունները, որոնք Եվրասիական տնտեսական միության երկրներից ապրանք են ներմուծում, պետք է ներկրվող ապրանքի հարկը նախապես վճարեն, հետո դա հաստատող QR կոդն ուղարկեն նրանց, ումից գնել են ապրանքը, վերջիններս էլ դրանք փոխանցեն բեռնափոխադրողներին: Ի տարբերություն նախորդի՝ այս լուրը բեռնատարների վարորդներին չի ուրախացրել, անհանգստացած են՝ սա կնպաստի նոր հերթերի գոյացմանը.

«Եթե հարկերը վճարած չեղավ պատվիրատուն, կոպիտ ասած՝ մնում ենք գերի»:

«Էնտեղ հարկայինի հետ եթե խնդիր եղավ, մեքենան Լարսը չի անցնում՝ էդ արդեն խնդիր ա»:

Այս փոփոխությունն էլ հունիսի 1-ից կսկսի գործել, ռուսաստանյան ներմուծողը բեռի հետ կապված թղթաբանությունը պետք է երկու օր առաջ անի՝ վճարի ավելացված արժեքի հարկը:

Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են՝ այս նոր՝ ՍՊՈՏ համակարգը չի տարածվի գումարի, փաստաթղթերի, նավթի, էլեկտրաէներգիայի մատակարարումների, ինչպես նաև անձնական օգտագործման բեռների վրա:

Այս նոր կարգավորումն, ըստ Մոսկվայի, անբարեխիղճ ներմուծողներին հարկային դաշտ բերելու համար է: Ռուսական կողմի նախնական հաշվարկներով՝ եթե այս համակարգը ներդրվի, միայն այս տարի հավելյալ 50 մլրդ ռուբլի, այսինքն՝ շուրջ 670 մլն դոլար բյուջե կմտնի: ԵԱՏՄ հինգ երկրներին է վերաբերում սա՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան ու Ղրղըզստան: Բայց միության գլխավոր առանձնահատկությունը հենց փոխադարձ ազատ առևտուրն է:

Անկախ փորձագետ Կայրաթ Իտիբաևն, օրինակ, կարծում է, որ այս նոր կանոնները կարող են պատնեշ դառնալ միության ներկրողների համար:

«Սա կարելի է դասակարգել որպես անտոկոս պատնեշներ: Ես կրկին ասում եմ՝ պետք է հայցադիմում ներկայացնել և պետք է ապացուցել ինտեգրացիոն միության դատական իշխանություններին, որ դա սխալ է: Կարո՞ղ եք դու դա ապացուցել, թե՞ ոչ: Որովհետև պատասխանողը կարող է ասել՝ լսիր, դա իմ իրավունքն է, ես թվայնացնում եմ, իմ իրավունքն է, ի՞նչ ունես դրա դեմ», - նշում է Իտիբաևը:

«Լարսում հերթերի մեջ մնալու պատճառներին սա էլ ավելացավ», - նեղսրտում են բեռնատարների հայ վարորդները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ումԲեռնափոխադրող վարորդների բարձրացրած հարցերը դեռ անպատասխան են մնումԲազմաթիվ դժգոհություններից հետո կվերանայվի միջազգային բեռնափոխադրողների համար Ռուաստանում մնալու ժամկետները՝ 90-ից դարձնելով 180 օր«Տարին սկսվել է, չգիտենք ոնց աշխատենք». բեռնատարների վարորդները կրկին Կառավարություն էին եկել«Պահանջում ենք 24 ժամվա մեջ մեր հարցին հստակ պատասխան տան». բեռնատարների վարորդները կրկին ակցիա են անում