Հայաստանում բացվել է Firebird-ի Արհեստական բանականության գործարանը

Լուսանկարները՝ Կառավարության լրատվականի

Հրազդանի մերձակայքում շաբաթ օրը բացվել է Firebird-ի Արհեստական բանականության գործարանը: Մոտ 500 մլն դոլարի ներդրումներով և հազարից ավելի GPU-ներով կամ գրաֆիկական պրոցեսորներով Արհեստական բանականության տվյալների կենտրոնն արդեն գործարկվել է, դրանում առաջին փուլում աշխատելու է շուրջ 100 մասնագետ, տեղեկացնում է ընկերությունը՝ հավելելով, որ իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 աշխատատեղ:

Գործարանի հաշվարկային հզորությունները նախատեսված են թե՛ տեղական, թե՛ միջազգային օգտատերերի համար, այսինքն՝ հզորությունների մի մասը կտրամադրվի հայաստանյան տեղական ստարտափներին, համալսարաններին, հետազոտական կենտրոններին և գիտակրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին, իսկ 80 տոկոսը՝ միջազգային ընկերություններին, հաղորդում է ընկերությունը: Ինչպիսի՞ հարաբերակցություն է գործելու տեղական և միջազգային ընկերությունների համար. ըստ Bloomberg-ի՝ հզորությունների 20 տոկոսը նախատեսված է հայաստանյան ընկերությունների համար:

Արհեստական բանականության տվյալների այս կենտրոնի վերաբերյալ մտահոգություն էր հնչում՝ մասնավորապես սպառվող ռեսուրսների հետ կապված, թե որքան ջուր է ծախսվելու դրա հովացման համակարգերի համար: Բայց ընկերությունը պնդում է, որ «հովացման համակարգը կառուցված է փակ շրջանառության սկզբունքով, ինչը նշանակում է, որ ջուրը չի սպառվում ընթացիկ շահագործման ընթացքում և չի արտահոսում շրջակա միջավայր»:

Արհեստական բանականության մասնագետ, ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանն էլ է հաստատում, որ
Firebird-ի տվյալների մշակման կենտրոնի հովացման համակարգերի համար ջուր չի օգտագործվում: Մեկ անգամ հովացման համակարգում լցվում է հատուկ գլիկոգել, և հենց այդ հեղուկն է փակ համակարգում շրջանառվում տարիներով՝ հովացնելով սարքավորումները, նշում է Խաչատրյանը:

Իսկ արդյո՞ք կբավականացնի Հայաստանում արտադրվող էլեկտրականությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը «ԼուրջՔասթ»-ին տված հարցազրույցում վստահեցնում էր, որ այո:

«Էս պահի դրությամբ Հայաստանում արտադրվող էներգիան բավարար է, օրինակ, կան լիցենզիա արդեն իսկ ունեցող ընկերություններ, որոնք պատրաստ են իրենց լիցենզիաները վաճառել՝ մինչև 80, 90 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ տրամադրելով: Այսինքն՝ ամեն օր էս պրոցեսները տեղի են ունենում, բայց արդեն իսկ մի մասը մենք անգամ փաստաթղթավորված երաշխավորել ենք ընկերությանը, որովհետև դա պարտադիր պայման էր ներդրումները ներգրավելու համար», - ասում էր Հայրապետյանը:

Ընկերությունն իր մամլո հաղորդագրությունում պնդում է, որ գործարանի շինարարությունն իրականացվել է միջազգային բնապահպանական և էներգետիկ ստանդարտներին համապատասխան, բայց ուշագրավ է, որ Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն ընկերությունը չի անցել: Հունիսի 18-ին շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ հունիսի 22-ին պետք է կայանար Արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը, որը, սակայն չեղարկվել է, քանի որ ընկերությունը գրավոր դիմել է լիազոր մարմին և հրաժարվել ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացից:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնից պարզաբանեցին, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքը թույլատրում է ընկերությանը փորձաքննական գործընթացից հրաժարվել:

Իսկ ո՞վ է ֆինանսավորել այս նախագիծը: Այս տարվա մարտին պարզվեց՝ գումարի հիմնական մասը տրամադրել են հայաստանյան վեց ֆինանսական կառույցներ, որ 300 մլն դոլարի չափ ֆինանսավորում են տրամադրել Firebird AI ընկերությանը։ Ֆինանսական կառույցների մեջ են մի քանի բանկեր և կենսաթոշակային երեք ֆոնդերը:

Ըստ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանի ՝ կենսաթոշակային ֆոնդերը ներդրել են 20 միլիոն դոլարի չափ գումար: Այդ մասին Ասլանյանն ասել է «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում:

«Մենք ներդրել ենք 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ, կամ մեր ընդհանուր ակտիվների 1 տոկոսի չափով՝ մեր կենսաթոշակային երեք ֆոնդերի, երեք ֆոնդերն էլ մասնակցել են ներդրմանը», - նշել է Ասլանյանը:

Սկզբում, երբ նախագծի մասին հայտարարվում էր, տպավորություն էր, որ 500 միլիոն դոլարը օտարերկրյա ներդրումներ են լինելու, բայց արդյունքում պարզվեց, որ դրանց առյուծի բաժինը փաստորեն հայաստանյան բանկերն ու կենսաթոշակային ֆոնդերն են տրամադրել: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը ստիպված էր «ԼուրջՔասթ»-ին տված հարցազրույցում արդարանալ՝ պարզաբանելով, որ ուղղակի ներդրումներ որևէ մեկը չէր խոստացել:

«Սկսեցի ստուգել՝ արդյոք ո՞վ է եղել այն մարդը, որը նախ հայտարարել է, որ օտարերկրյա ուղիղ ներդրում է լինելու ամբողջ ծրագիրը: Ինձ հետաքրքրել էր, որովհետև զարմացա, բայց հավատացի, ասացի՝ հաստատ ինչ-որ մեկը գոնե պաշտոնյաներից հայտարարած կլինի: Չգտա նման բան», - ասել է Հայրապետյանը:

Ընկերությունը նշում է, որ ծրագրի երկրորդ փուլում գրաֆիկական պրոցեսորների թիվը ավելանալու է ևս 42 հազարով, և ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է սպասվում, սակայն թե ով է ներդնելու այդ գումարը, դեռ տեղեկություն չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է. ՓաշինյանՀայաստանում նախատեսվում է ստեղծել 500 միլիոն դոլար արժողությամբ Արհեստական բանականության տվյալային կենտրոնՓաշինյանի համոզմամբ՝ դժոխային իրադարձություններից հետո Հայաստանի առաջ բացվել են հեռանկարային հնարավորություններ