Հայաստանի զարգացման ի՞նչ ուղղություն են առաջարկում մրցակից ուժերը, ինչպիսի՞ տնտեսություն են պատկերացնում

Նախընտրական Երևան, մայիս, 2026թ.

Խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ իշխանություն-ընդդիմություն վիրավորանքների, կոշտ արտահայտությունների, բղավոցների ու աղմուկի պայմաններում քարոզարշավի հիմնական թեմաներից գրեթե դուրս է մնում առանցքային հարցերից մեկը՝ ի վերջո, Հայաստանի զարգացման ի՞նչ ուղղություն են առաջարկում մրցակից ուժերը, ինչպիսի՞ տնտեսություն են պատկերացնում ու առաջարկում, ի՞նչ նպատակներ ունեն ու ինչպե՞ս են հասնելու դրանց: «Ազատություն»-ը փորձել է այս հարցերի պատասխանները պարզել:

Ամենաճոխ խոստումները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ն է տալիս:

«Հարկը գնում է պետությանը, պետությունը վճարում է տոկոսներ», - հայտարարում է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան»-ը երկրի զարգացումը արտահանմանը միտված մշակող արդյունաբերությամբ է պայմանավորում: Հայտարարում են ՀՆԱ-ում մշակող արդյունաբերության մասնաբաժինը 20 տոկոսին հասցնելու մասին:

Իսկ ինչպե՞ս հասնել այդչափ զարգացման: Շռայլ խոստումների հետևում մանրամասն ու հստակ քայլեր «Ուժեղ Հայաստան»-ը չի ներկայացնում. ընդհանրական նախադասություն ենք կարդում, թե «մենք կարևորելու ենք ֆիզիկական ներդրումները՝ առավելապես մշակող արդյունաբերության մեջ»: Խոստանում են քայլեր ձեռնարկել ու միջազգային կորպորացիաներին Հայաստան հրավիրել, ընդ որում՝ նախապես ընտրելով այդ ընկերություններին:

«Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա», - ասում է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Այս ամենին հասնելու համար նախատեսում են հինգ տարվա ընթացքում պլյուս-մինուս կես միլիարդ դոլար ներդնել: Թե այդչափ գումարով նման ծրագրեր ինչպես են իրականացնելու, պարզ չէ: Այս գումարը նույնիսկ ավելի քիչ է, քան 2026 թվականի ընթացքում ծրագրում է ծախսել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Բացի այդ, կապիտալիստական տնտեսություն ունեցող Հայաստանում իշխանություն ստանձնելու դեպքում ռուսաստանաբնակ գործարարի առաջնորդած թիմը ծրագրում է, որ պետական ներդրումներով բացվող բոլոր ընկերություններում պետությունը կառավարմանը չմասնակցելու պայմանով համասեփականատեր դառնա: Ի դեպ, նախատեսում են ուղիղ միջամտել նաև գյուղատնտեսության շուկային ու որոշ մշակաբույսերի համար նվազագույն գին սահմանել:

Սամվել Կարապետյանի թիմը խոստանում է օգտագործել նաև իրենց կապերը դրսից ներդրողներին հրավիրելու համար: Իսկ թե ինչու մինչ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունն ու հաջորդած կալանավորումը, նախորդ տարիների ընթացքում նույն եղանակով չեն օգտագործել Սամվել Կարապետյանի կապերն ու միջազգային կորպորացիաներին Հայաստան հրավիրել, պարզ չէ: Ծրագրում այդ հարցին չեն անդրադարձել:

« Իսկ գյուղատնտեսությունը ստանա պետական լիակատար աջակցություն։ Վերջ վախին, վերջ աղքատությանը։ «Ուժեղ Հայաստան»-ը գալիս է», - վստահեցնում է Սամվել Կարապետյանը:

Հայտարարում են, թե այս քայլերի արդյունքում արտահանման ծավալը կհասնի Հայաստանի ՀՆԱ-ի 35 տոկոսին: Այսքան կտրուկ ու մեծ տնտեսական փոփոխություններ խոստացող թիմը, սակայն, ծրագրում գեթ մեկ ապրանք չի նշել, որն, օրինակ, կարելի է այստեղ արտադրել ու արտահանել: Նախատեսում են մոլիբդե՞նն այստեղ մշակել ու որպես պատրաստի ապրա՞նք արտահանել, թե՞, օրինակ, հաստոցներ, մեքենաներ, հեռախոսներ ու ՏՏ այլ սարքավորումներ արտադրել: Այս մասին ոչ մի բան չկա:

Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքի մյուս հիմնական խոստումը քաղաքացիների ու բիզնեսների համար հարկային բեռի նվազեցումն է: Ավելին՝ խոստանում են նույնիսկ եկամտահարկն ու շահութահարկը տարածաշրջանի ու Արևելյան Եվրոպայի այլ փոքր պետությունների համեմատ ավելի գրավիչ դարձնել:

Ինչպե՞ս են մի կողմից հարկերը նվազեցնելու, մյուս կողմից՝ խոստացված ծրագրերն իրականացնելու. պնդում են, թե ցածր հարկերով բիզնեսներն ավելի ազատ կաշխատեն ու ավելի մեծ արդյունք կարձանագրեն, ինչն, իր հերթին, հետագայում կնպաստի է՛լ ավելի բարձր պետական մուտքերին:

Անկախ ընտրությունների արդյունքներից՝ այս աշնանը Կառավարությունը պետք է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակի, Սամվել Կարապետյանի գլխավորած թիմն ինչպես է հարկերը նվազեցնու ու դրան զուգահեռ ծախսեր պլանավորելու՝ պարզ չէ, նախընտրական ծրագրում հաշվարկներ չկան:

Տնտեսության ու մասնավորապես արտադրության համար հոսանք է պետք. ի՞նչ են առաջարկում էներգետիկայի վերաբերյալ: Մեծամորի ատոմակայանի էներգաբլոկը կարող են շահագործել մինչև 2036 թվականը՝ մինչ այդ անհրաժեշտ է նորը կառուցել. իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն, օրինակ, նախատեսում է փոքր մոդուլային ատոմակայան կառուցել, թեև դեռ հստակ որոշումներ չկան:

Տասը տարուց քիչ ժամանակ է մնացել, և մասնագետների կարծիքով՝ Կառավարությունն արդեն պետք է հողի վրա աշխատանքներ սկսի չուշանալու համար: Մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան նոր է ու դեռևս շատ փորձված չէ: Այն Արևմուտքում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում, հեռանկարային են համարում, սակայն դեռ մշակում են: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանություններն առաջարկում են նորը չփորձել ու իրենց օգնությամբ նոր ատոմակայան կառուցել՝ ռուսական տեխնոլոգիաներով:

Այս ամենին զուգահեռ, մինչդեռ, Սամվել Կարապետյանի թիմն առաջարկում է չշտապել ու նոր ատոմակայանի վերաբերյալ որոշում ընդունել, երբ իրականացնեն բոլոր անհրաժեշտ հաշվարկները, որ հայաստանցիների ուսերին նոր ֆինանսական բեռ չավելանա.

«Եթե տեխնոլոգիան պատկանում է որևէ երկրի, կախվածությունը նույնպես առաջանում է այդ երկրից»:

Իսկ ի՞նչ անել, չէ՞ որ ժամկետը լրանում է. առաջարկում են կենտրոնանալ վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա՝ արևային կայանների ու կուտակիչների օգտագործումն ընդլայնելով:

Վերականգնվող էներգետիկան նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած զարգացման հիմնական ուղղությունն է.

«Վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծել է էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու և ի վերջո էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը գնալու են այս ճանապարհով»:

Ի դեպ, թեև Կառավարությունն արդեն հայտարարել է, որ իրենց ընտրությունը կանգ է առել հենց փոքր մոդուլյար ատոմակայանի տեխնոլոգիայի վրա, և ծրագրի մասին Երևանում անձամբ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարեց, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախընտրական ծրագրում գրել է, թե տեխնոլոգիան կընտրեն մինչև 2027 թվականի ավարտը:

«Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում», - Երևանում ասաց Ջեյ Դի Վենսը:

Իշխող կուսակցության ծրագրում մեծ տեղ են հատկացրել բալանսավորման անհրաժեշտությանը, իշխող թիմի ներկայացուցիչներն այդ մասին գրեթե ամեն օր են խոսում: Նախընտրական ծրագրի զուտ տեքստային հատվածում թեև ձևակերպումներն ընդհանրական են, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ի տարբերություն մրցակիցների, թվերով ու չափելի տասնյակ խոստումներ է տալիս, որոնց իրականացումը հետագայում կարելի է ստուգել:

Խոստանում են, օրինակ, հինգ տարվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը 50 տոկոսով մեծացնել: Իշխող թիմը ծրագրում է մեծացնել փոքր ու միջին բիզնեսի՝ տնտեսությունում ունեցած կշիռը, 20 հազար նոր սարքավորումներ են խոստանում՝ այդ թվում գյուղատնտեսական տեխնիկա: Ծրագրում են հինգ տարում ոչ թե 300 հազար, այլ 100 հազար նոր աշխատատեղ ստեղծել: Կրկնապատկել հայկական ապրանքների արտահանման ծավալը, որակի ստուգման առնվազն տասը միջազգային լիցենզիա ունեցող լաբորատորիա բացել:

«Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացին պետք է իր ասելիքը ասի և տեր կանգնի իր քաղաքացիությանը, իր իշխանությանը, իր ձայնին», - հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ հստակ ճանապարհային քարտեզ չի ներկայացրել, թե մասնավորապես ինչ են ծրագրում արտադրել Հայաստանում ու արտահանել այլ երկրներ՝ զուգահեռ նվազեցնելով Ռուսաստանից կախվածությունը:

Խոստումներին հասնելու մեխանիզմներ չի ներկայացրել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը: Նրանք էլ ցանկանում են տնտեսությունում արդյունաբերության կշիռը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսին.

«Մենք կստեղծենք բարենպաստ հարկային ու ներդրումային միջավայր, որտեղ բիզնեսը կզարգանա, իսկ «Արտադրված է Հայաստանում» պիտակը կդառնա բարձր որակի համաշխարհային երաշխիք»:

Քոչարյանի թիմն էլ, իր հերթին, խոստանում է հինգ տարում 175 հազարից 225 հազար աշխատատեղ ստեղծել. «Հայաստան» դաշինքը ծրագրում է սա իրականացնել փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը թեթևացնելով, գույքահարկը 50 տոկոսով նվազեցնելով, գյուղվարկերը սուբսիդավորելով, էժան սերմացու, պարարտանյութ, վառելիք ապահովելով: Բացի այդ, խոստանում են ամբողջությամբ փոխհատուցել գազի և էլեկտրաէներգիայի դիմաց միայնակ կենսաթոշակառուների ձմռանը կատարած ծախսերը, իսկ երիտասարդ ընտանիքներին՝ եկամտահարկի 3 տոկոսով նվազեցում երկրորդ երեխայի ծնունդից հետո:

Պետական բյուջեի մուտքերի ու ելքերի հաշվարկներ, սակայն, չկան:

«Մենք տարեկան կստեղծենք, դա արդեն հայտարարվել է, 35-ից 45 հազար նոր աշխատատեղեր՝ այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6 տոկոս՝ այսօրվա 14 տոկոսի փոխարեն։ Սա ի վիճակի ենք մենք անել», - վստահեցնում է երկրորդ նախագահը:

Ի տարբերություն «Ուժեղ Հայաստան»-ի՝ Քոչարյանի թիմը խոստանում է մեկնարկել նոր ատոմակայանի կառուցումը՝ տեսակը չհստակեցնելով:

ԵԱՏՄ-ում մնալուն կողմնակից գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը, ի տարբերություն ընդդիմադիր հիմնական մրցակիցների, նույնպես նախընտրական ծրագրում տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի մասին է նշել: «Բարգավաճ Հայաստան»-ը սպառողական տնտեսությունից ներդրումային տնտեսության անցնելու մասին է հայտարարում՝ խոստանալով ՀՆԱ-ում ներդրումների կշիռը հինգ տարում 40 տոկոսի հասցնել: Հասկանալու համար, թե սա որքան բարդ խնդիր է, կարող ենք հիշել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հնգամյա ծրագիրը. 2021-ին նրանք նույնպես ներդրումների ծավալը մեծացնել էին խոստացել, սակայն առայժմ չեն կարողացել հասնել իրենց իսկ սահմանած 25 տոկոս ցուցանիշին:

Գագիկ Ծառուկյանի թիմը մի այնպիսի խոստում է տալիս, որի նմանը 20-րդ դարի երկրորդ կեսից հետո նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրները չեն տեսել. հայտարարում են՝ հինգ տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն՝ ամբողջ տնտեսությունը եռապատկելու նպատակ ունեն, ընդ որում՝ զուգահեռ նվազեցնելով հարկերը:

Ծառուկյանի առաջնորդած կուսակցությունը հայտարարում է նոր ժամանակակից ատոմակայան կառուցելու ծրագրի մասին, սակայն չի հստակեցնում՝ ինչ տեսակի:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակը գլխավորում է Լևոն Զուրաբյանը, նախընտրական ծրագրում հստակ գրել է, որ իշխանություն ստանձնելու դեպքում նախատեսում են ռուսական առաջարկով նոր ատոմակայան կառուցել: ՀԱԿ-ը նույնպես խոստանում է Հայաստանից արտահանումը խթանել, միևնույն ժամանակ՝ ներդրողների համար հարկային բեռը թեթևացնել:

Առաջարկում են մեկից հինգ միլիոն դոլարի ներդրում կատարած բիզնեսներին երկու տարով ազատել շահութահարկից, ավելի շատ գումար ներդրողներն այդ վճարից կազատվեն հինգ տարի ժամկետով: Ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը նույնպես խոստանում է վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը: Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձրել ՏՏ տեխնոլոգիաներին ու չորս կարևոր ուղղություն առանձնացրել, որտեղ ռեսուրսներ կկենտրոնացնեն, այդ թվում՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների ու չիպերի դիզայնի բնագավառներում:

Առաջարկում են, որպեսզի հենց պետությունը դառնա տեխնոլոգիական ապրանքների թիվ մեկ պատվիրատուն, բացի այդ՝ մասնավորի հետ համագործակցելով ընկերություններ հիմնադրի: Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք իրենց շահույթի առնվազն 15 տոկոսը հետազոտությանն են ուղղում՝ R&D-ին:

Մինչ այդ, հիմնական մրցակից ուժերը շարունակում են իրենց ծրագրային դրույթները թողած այլ թեմաների շուրջ բանավիճել՝ նախկին-ներկայից մինչև թալան, դավաճան ու այլ պետության գործակալ: Մնաց 15 օր: