Իրանի գերագույն առաջնորդի սպանության լուրի հաստատումից երկու օր անց Հայաստանի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ այդ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ:
«Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում», - նշված է հաղորդագրությունում:
Հեռագրում Նիկոլ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում շուտափույթ խաղաղություն ու կայունություն կհաստատվի: Իրանի նախագահին՝ համբերություն, իսկ ժողովրդին խաղաղություն և տոկունություն է մաղթել:
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Վարչապետի ցավակցական հեռագրին հաջորդեց Արտգործնախարարության հաղորդագրությունը՝ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ: Ընդամենը չորս նախադասությունից բաղկացած պաշտոնական գրությունում նշված է, որ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
«Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Ի տարբերություն Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, որում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Միրզոյանը գործընկերոջը ցավակցել է նաև այաթոլլահ Ալի Խամենեի սպանության համար, Հայաստանում Իրանի դեսպանության փոխանցմամբ՝ Միրզոյանը Արաղչիին ցավակցել է ինչպես քաղաքացիների, այնպես էլ գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ:
Բացի այդ, ըստ դեսպանատան, իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Երևանը պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Թեհրանին: Աբաս Արաղչին ասել է՝ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, իսկ Իսլամական Հանրապետությունն ի պատասխան թիրախավորել է Իսրայելն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները:
«Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար», - նշել է Արաղչին:
Մինչև Երևանը պաշտոնապես կհաղորդեր Թեհրանին ուղղված ցավակցական հեռագրի մասին, խորհրդարանում լրագրողները փորձում էին իշխող ուժի պատգամավորից պարզել՝ ինչո՞ւ է Հայաստանը լուռ, երբ հարևաններ Թուրքիան ու Ադրբեջանը երեկ արդեն ցավակցական հեռագրեր էին հղել Իրանին:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը զբաղված է Հայաստանի Հանրապետության գործերով, Հայաստանի Հանրապետության իշխանությունը խիստ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցողով», - ասել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ամենամեծ ռիսկը Հայաստան-Իրան սահմանի փակվելն է
Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ և ցավակցելուց բացի իշխանությունը պետք է պատրաստ լինի նաև հնարավոր բոլոր զարգացումներին, նշում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ Հայաստանը կարող է ոչ միայն տնտեսական խնդիրների բախվել, այլ նաև փախստականների հնարավոր ներհոսքը կառավարելու հարցի առաջ կանգնել: Ամենամեծ ռիսկը, ըստ Խաչատրյանի, Հայաստան-Իրան սահմանի փակվելն է:
«Սահմանը, որ փակվի, բիշզնեսը վնաս է կրելու, ինչ-որ մի բան բանակցե՞լ են, որ այդ մեքենաները, բեռնատարները այլ ճանապարհով գնան: Ընդհանրապես այս իշխանությունների գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ ունեմ: Հիմա իրանք դեմուստրատիվ կերպով կուկուրուզ ու պերաժկի են ուտում՝ ցուց տալու, որ ամեն ինչ լավ է, բայց եսիմ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հայաստան-Իրան ցամաքային սահմանը մոտ 24 ժամ փակ է եղել, այսօր հաստատեց Հայաստանում Իրանի դեսպանը: Պաշտոնական Երևանը այս մասին ոչինչ չէր հաղորդել:
«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», - նշել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 ժամ փակ մնալուց հետո բացվել է. դեսպանՔՊ-ից հայտարարում են՝ անվտանգային ռիսկեր չկան, խաղաղություն է Հայաստանում
Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է նաև բանակի պատրաստվածության աստիճանը: Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ Անվտանգության խորհրդի անդամ չէ, այսօր պնդեց, թե խորհրդի գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության ոչինչ չի սպառնում:
«Մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է շեղվել ներքին օրակարգից, ու ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է և այլն», - նշեց Գալյանը:
ՔՊ կուսակցության փոխնախագահը ևս պնդեց՝ անվտանգային ռիսկեր չկան, խաղաղություն է Հայաստանում, ռիսկեր գուցե լինեն, բայց կարծում է՝ միայն տնտեսական:
Հայաստանը օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգների հետ մի շարք համաձայնություններ ունի, այդ թվում՝ TRIPP նախագիծը: Կա՞ ռիկս, որ Իրան-ԱՄՆ հակամարտությունը որևէ կերպ կարող են խոչընդոտել կամ ձգձգել Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին կապող «Թրամփի ուղու» իրագործումը:
«Այս պահի դրությամբ նման բան ընդհանրապես չկա, բոլոր ծրագրերը գնում են նախանշված ծրագրով», - պատասխանեց Ալեքսանյանը:
Իրանի դեսպանը այսօր դարձյալ ընդգծեց՝ տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումը, հատկապես Սյունիքում, շարունակում է կարմիր գիծ մնալ Թեհրանի համար: Հույս ունեն, որ տարածաշրջանի ոչ մի երկիր լոգիստիկ կամ որևէ այլ տեսանկյունից չի աջակցի և իր տարածքը չի դարձնի գործիք՝ Իրանի դեմ գործողությունների համար և առանց պատճառի կամ նույնիսկ ակամա իրեն չի ներքաշի այս պատերազմի մեջ: