Մեզ մեղադրում են թուրքասիրության, ադրբեջանամետության մեջ, մեր խնդիրն է ճանաչել մեր տարածաշրջանը. Փաշինյան

«Մեզ մեղադրում են թուրքասիրության և ադրբեջանամետության մեջ, մինչդեռ մեր խնդիրն է սեփական աչքերով տեսնել ու ճանաչել մեր տարածաշրջանն ու միջավայրը», - իր ամանորյա ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ, ՀՀ իշխանությունների նպատակն է թույլ չտալ, որ «մեր տարածաշրջանին առերեսվելու մեր պատմական արդարացված վախերն օգտագործվեն մեզ կառավարել խաղացնելու, ինքնուրույն ու ինքնիշխան լինելու մեր կամքը կոտրելու համար», ասել է նա։

Այդ նպատակին, ըստ վարչապետի, հասել են. Հայաստանն անկախ է, քան երբևէ, վստահ է Նիկոլ Փաշինյանը:

«2025 թվականն այդ խաղաղ ապագայի, խաղաղության առաջին լիարժեք օրացուցային տարին է. մենք ոչ միայն ձևակերպեցինք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում», - նշել է նա:

Փաշինյանը, ինչպես և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իրենց ուղերձներում ուշադրություն են հրավիրել վաշինգտոնյան պայմանավորվածությունների վրա:

Փաշինյանը, արձագանքելով միակողմանի զիջումների գնալու մեջ, ասել է, որ ՀՀ-ն բացարձակապես ոչ մի զիջման չի գնացել:

Հայաստանի պետականության և ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը թերևս վերջին տարիների լավագույն տարին էր, շեշտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հենց այս տարի մենք մեր երկրի համար գալիք տարիների, տասնամյակների և գուցե հարյուրամյակների համար այնպիսի հիմքեր դրեցինք, որոնց վրա սկսել ենք թեկուզ զգուշորեն, բայց կառուցել տեսանելի, հասկանալի ապագա մեր երկրի և մեր ժողովրդի համար», - ասել է նա:

Սիմոնյանի խոսքով՝ սրա անկյունաքարերից էին օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը, Տավուշի մարզի սահմանազատված սահմանը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ 2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ։

«Օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագիրը քայլ էր դեպի խաղաղություն։ Դա պարզ փաստաթուղթ չէր, այլ պատասխանատու որոշում՝ ուղղված մեր երկրի անվտանգ ապագային, տարածաշրջանային կայունությանը և մեր քաղաքացիների խաղաղ կյանքի հնարավորությանը», - ընդգծել է նա։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև 2026 թվականի խորհրդրանական ընտրությունների մասին՝ խոստանալով՝ դրանք կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական, և ժողովուրդը կհաղթի: