Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր են քննարկել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները այսօր Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ:
Սուրեն Պապիկյանը և Իրակլի Չիկովանին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականը:
Պապիկյանը պաշտոնական այցով Թբիլիս է ժամանել երեկ, այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Արարողությունից հետո մեկնարկել է նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Հայաստանի պաշտպանության նախարարը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։