Չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», - ասել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա։
Տարածքային ամբողջականության վերականգնում
Ալիևը նաև ասել է, թե «փառահեղ հաղթանակից հետո» իրենց ջանքերն ուղղված էին երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։
«Մենք երբեք կանգ չենք առել, երբեք մեզ թույլ չենք տվել մեկ օր հանգստանալ այս փառահեղ առաքելությունը կատարելիս։ Արդյունքում, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության միջև ընկած ժամանակահատվածում մենք գործել ենք մի քանի ճակատներում»,- նշել է նա:
Ալիևն ասել է, որ այսօր Ադրբեջանը միջազգային ասպարեզում մեծ հարգանք է վայելում՝ հավելելով, թե շատ հայտնի փորձագետներ և վերլուծաբաններ արդեն իսկ Ադրբեջանը դասում են միջին տերության շարքին։
«Դրա համար կան բազմաթիվ պարամետրեր։ Մենք լիովին ապահովել ենք տնտեսական անկախություն և այսօր միջազգային հանրության բարձր հարգանք վայելող անդամ ենք։ Մեր ճակատագիրը մեր ձեռքում է», - հավելել է նա։
Ռազմական հզորության ամրապնդում
Ադրբեջանի ղեկավարը շեշտել է՝ այսօր Բաքվի հիմնական խնդիրներից մեկը իր ռազմական հզորության ամրապնդումն է։ «Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը չափազանց պարզ է։ Սա միշտ անհրաժեշտ է, յուրաքանչյուր երկրի համար»,- ասել է նա։
Իլհամ Ալիևը նաև նշել է, թե Ադրբեջանի գաղափարախոսական տարածքը պետք է զերծ լինի օտար տարրերից և ազդեցություններից, ինչը, ըստ նրա, նաև Բաքվի արտաքին քաղաքականության ռազմավարությունն է։
Արտաքին քաղաքականություն
«Մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցել ենք և պետք է շարունակենք կառուցել այնպես, որ ոչ ոք չմիջամտի մեր գործերին։ Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ, ոչ էլ որևէ մեկի հովանավորությունը», - ընդգծել է նա:
Ալիևը նաև պնդել է, թե երբեք որևէ երկրի նկատմամբ երկերեսանիություն կամ երեսպաշտություն չեն արել: «Չնայած մենք բազմիցս հանդիպել ենք նման վերաբերմունքի և շարունակում ենք հանդիպել այսօր», - նշել է նա՝ ընդգծելով, սակայն, որ «մենք երբեք չենք կարող նմանվել նրանց»։
«Մենք մարդիկ ենք, որոնք հարգում են իրենք իրենց, ապրում են արժանապատվորեն և արժանապատվորեն են վարում իրենց քաղաքականությունը։ Մեր օրինակը բոլորին ցույց է տալիս, որ դա հնարավոր է», - հավելել է նա:
Ժամանակակից գաղափարախոսություն
Ալիևը շեշտել է՝ ժամանակն է ճիշտ կազմակերպել գաղափարական աշխատանքը և հրաժարվել շաբլոններից ու ձևական միջոցառումներից։ Ըստ նրա՝ գաղափարական աշխատանքը պետք է կառուցվի նոր, ժամանակակից մակարդակով։
«Մեր առավելությունն այն է, որ, ի տարբերություն որոշ երկրների, մենք առասպելներ ստեղծելու կարիք չունենք», - հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
Ադրբեջանը՝ աշխարհաքաղաքական գործոն
Ապա Ալիևն ասել է, թե էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն այժմ դարձել է աշխարհաքաղաքական և անվտանգության կարևոր գործոն։ «Որովհետև էներգետիկ անվտանգությունը նշանակում է ազգային անվտանգություն յուրաքանչյուր երկրի համար, և մեր դերը միայն կաճի», - հավելել է նա:
Ալիևը նաև նշել է, թե «Նոր Ադրբեջան» կուսակցությունն ամենամեծ քաղաքական ուժն է ոչ միայն Ադրբեջանում, այլև Հարավային Կովկասում, որի ստեղծումը ժողովրդի պահանջն էր, ինչպեսև իր հոր՝ Հեյդար Ալիևի վերադարձը իշխանության։
Ալիևը նաև պարծեցել է, թե Ադրբեջանն աշխարհի քիչ երկրներից է, որն արտադրում, արդյունահանում և արտահանում է բոլոր տեսակի էներգետիկ ռեսուրսներ՝ հում նավթ, նավթամթերք, բնական գազ, էլեկտրաէներգիա, նավթաքիմիական նյութեր և պարարտանյութեր:
«Մեծ վերադարձը»՝ արագ տեմպերով
Ադրբեջանի նախագահն ասել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ապրում, աշխատում և սովորում է 96,000 մարդ»։ Նրա խոսքով՝ մինչ օրս այս շրջանների զարգացման համար ծախսվել է 28 միլիարդ մանաթ (մոտ 16 մրդ դոլար):
«Այս միջոցների մեծ մասը կհատկացվի ենթակառուցվածքային նախագծերին: Այս նախագծերի մեծ մասն ավարտվել է, և նախկին ներքին տեղահանված անձինք արդեն վերաբնակեցվել են 48 բնակավայրերում: Առաջիկա տարիներին «Մեծ վերադարձը» կընթանա ավելի արագ տեմպերով»,- վստահեցրել է նա: