Հայաստան-Լեհաստան ռազմատեխնիկական համաձայնագիրը՝ կառավարության օրակարգում

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ին հավանության է արժանացնելու Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն ու այն ուղարկելու խորհրդարան՝ վավերացման։

Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«Համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:
Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահա­վետության սկզբունքների հիման վրա», - նշված է որոշման հիմնավորումներում։

Համաձայնագիրը նաև սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգը և այլն։ Համաձայնագրի բուն տեքստը հասանելի չէ։

Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հիմքերը դրվել են 2004 թվականից, իսկ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը կնքվել է այս տարվա փետրվարին։

Սեպտեմբերի 7-ից Լեհաստանում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ում գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ցուցադրական վարժանքի, նաև Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Օգոստոսի վերջին Հայաստանի կառավարությունը նաև որոշել էր հունվարից ռազմական կցորդ ունենալ Լեհաստանում։

Ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում։

Մայիսին Վարշավայում էր Հայաստանի պաշտպանության նախարարը։ Վերջինս հանդիպել էր լեհ պաշտոնակցին, շեշտել ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն