Հայ-թուրքական սահմանին գտնվող Մեղրաշատում պայքարում են, որ իրենց դպրոցը չփակվի

Քարուքանդ ճանապարհը սահմանամերձ Մեղրաշատ է տանում: Այս գյուղ հասնելն իսկական փորձություն է, երկրորդ ճանապարհը Բյուրակն գյուղով է, այն, ըստ տեղացիների, ավելի վատ վիճակում է:

Մեղրաշատի ճանապարհը

Բյուրակնում կառուցված նոր դպրոցում առաջիկայում իրենց ուսումը պիտի շարունակեն Մեղրաշատի ու հարակից մի քանի այլ գյուղերի աշակերտները: Բայց մեկ տարուց ավելի է՝ հայ-թուրքական սահմանին գտնվող Մեղրաշատի դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պայքարում են, որ իրենց դպրոցը չփակվի: Նույնիսկ պատրաստի պաստառներ ունեն. երբ լրագրողի այցի մասին են տեղեկանում, պաստառներով հավաքվում են գյուղապետարանի մոտ:

Դպրոցի ներսում նկարահանում անել «Ազատություն»-ը չկարողացավ, քանի որ դա հնարավոր է միայն նախարարության թույլտվությամբ: Սահմանամերձ գյուղի դպրոցը 20 տարի առաջ է կառուցվել, 52 աշակերտ ունի, ևս 4 երեխա էլ նախակրթարան է հաճախում: Դպրոցի հետնամասից պարզ երևում է Բյուրակնի նորակառույց դպրոցը, որտեղ էլ Կառավարությունն առաջարկել է շարունակել ուսումը:

«Մենք չենք ուզում տեղափոխվել ուրիշ դպրոց: Ու շեշտում են նաև՝ որակյալ կրթություն, մենք, մեր դպրոցը, մենք ունենք էլի որակյալ կրթություն, ու եթե մեր դպրոցը փակեն, ես վստահ եմ, որ մեր դպրոցի աշակերտներից բոլորը, կամ մասամբ, չեն գնա կողքի դպրոց, այլ նաև կհաճախեն քաղաք», - «Ազատության» հետ զրույցում ասաց դպրոցականներից մեկը:

«Մենք բոլորս որոշում ենք կայացրել, որ եթե փակում են մեր դպրոցը, մենք էլ որոշել ենք, որ ոչ մի դպրոց չենք հաճախելու», - ասաց մյուսը՝ շարունակելով. - Կողքի հարևան գյուղ չենք գնալու, քաղաք երևի, կամ ուրիշ դպրոցներ, բայց հաստատ կողքի գյուղի դպրոց չենք գնալու»:

«Ես չեմ գնա, որովհետև, դե բնականաբար եթե ինձ մի տարի է մնացել, ես չեմ նախընտրի իմ մի տարին գնամ կողքի հարևան գյուղ, այլ կգնամ ավելի նպատակահարմար, իմ նպատակային հոսքով ինչ-որ մի դպրոց, որտեղ ավելի կզարգանամ», - ասաց երրորդը:

11-րդ դասարանցի Սուսաննան վերջերս հանդիպել է կրթության նախարարին ու իրենց դպրոցի ճակատագրով հետաքրքրվել. - «Ես իրեն հարց տվեցի, ասեցի՝ հնարավոր չի լինելո՞ւ նվազեցնել այդ շեմը՝ փակվող դպրոցների, ինքը ասեց, որ ամեն բան հնարավոր է, և հստակ որոշում չկա ոչ մի դպրոց փակելու: Բայց մտահոգությունը կա միանշանակ»:

Մեղրաշատում ծնողները հարցնում են՝ իրենց գյուղ եկե՞լ են, դպրոցի պայմանները տեսե՞լ են, որ ուզում են երեխաներին տեղափոխել հարևան գյուղի դպրոց: Որոշում կայացնողներին Մեղրաշատ են հրավիրում. - «Մեր դպրոցը ինչի՞ փակեն, եթե դպրոցը նոր է, կահավորումը շատ լավ է, ամեն ինչը: Մի հատ թող գան, մտնեն, նայեն, նկարեն, նայեն՝ իրոք մեր դպրոցը փակելու ենթակա՞ է, թե՞ չէ: Կստեղծվի ինքնըստինքյան պայմաններ՝ քաղաքի ձգտելու»:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է մինչև այս տարվա սեպտեմբերը 300 դպրոց կառուցել, այս պահի դրությամբ ավարտվել է ավելի քան 100-ի շինարարությունը: 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցներն էլ միավորում են հարակից համայնքների ավելի մեծ դպրոցների հետ: Մոտ մեկուկես ամիս առաջ գործադիրի նիստում գումար հատկացրեցին, խոստացան, որ կսկսեն նորոգել դպրոցների ճանապարհները, նաև մեքենաներ ձեռք կբերեն, որ աշակերտների տեղափոխումն ապահովեն: Կառավարությունում չեն ընդունում, որ աշակերտներին հարևան համայնքների դպրոցներ տեղափոխելով գյուղեր են դատարկում:

«Հանրապետությունում որևէ դպրոց չի փակվում, հանրապետությունում փակվում են ավերակներ և բացվում են դպրոցներ», - հայտարարել էր վարչապետը:

«Բազմաթիվ են ընտանիքները, որ տեղափոխվում են զուտ այն պատճառով, որ իրենց երեխան գնա լավ դպրոց՝ իրենց ընկալմամբ և պատկերացմամբ: Եվ հիմա Կառավարությունը ասում է՝ կարիք չկա փոխելու բնակության վայրը, ապրեք էնտեղ, որտեղ ապրում ենք, և ձեր երեխան կգնա լավ դպրոց», - վստահեցրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Ալեքսանյանը:

Մեղրաշատի պատանիները հակադարձում են՝ առանց դպրոց ի՞նչ գյուղ.

«Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է լինել գյուղ, որը չունենա դպրոց, էդպիսի բան երբևիցե եղե՞լ է»:

«Ուղղակի ուզում եմ խնդրանք հայտնել այն մարդկանց, ովքեր որ փակում են մեր դպրոցը. ուղղակի պետք չէ կայացնել այնպիսի մի որոշում, որը կոչնչացնի մեր համայնքը»:

Նաև ուսուցիչներն են մտահոգ, որ դպրոցների միավորման արդյունքում իրենք գործազուրկ կմնան. - «Երեք դպրոցներից երկուսի մանկավարժները կորցնելու են աշխատանքները, կամ կա այսպիսի մի տարբերակ. ասենք, եթե ես հիմա մեկ դրույք եմ պարապում, կարող է առաջարկեն մեկ ուրիշ դպրոց՝ կես դրույքով: Դա էլ՝ ինչպե՞ս կարող ես ընտանիք պահել կես դրույք աշխատանքով»:

Անահիտ Նահապետյանը երեք տարի է Արևիկից է մի քանի տրանսպորտ փոխելով հասնում Մեղրաշատ: Մինչ այդ Արցախում է շուրջ 15 տարի ապրել ու դասավանդել: Օրերս հրավիրած ասուլիսում չկարողացավ արցունքները զսպել՝ մեկ անգամ դպրոցի փակվելու ճանապարհով անցել է. - «Դա սովորական գործընթացի չի, որ առանց հասկանալու դա անում են: Ես վերադարձել եմ Արցախից, որ դպրոց փակվելու պատճառով կորցրեցինք մենք երեխաներին, նրանց հետ ունեցած մեր հույսերը, մեր նպատակները ... »:

Կառավարության ծրագիրն ուսումնասիրել է «Ազգային կրթության խորհուրդ» հիմնադրամը: Պնդում են, որ 300 նոր դպրոց կառուցելու ֆոնին Հայաստանում 200-ից ավելի դպրոց կփակվի: Շիրակի մարզային խորհուրդը համակարգող Արմեն Ներսիսյանը իրենց ուսումնասիրությունն է ներկայացնում թվերով.

«Հանրապետությունում 229 դպրոց է փակվում, որից 48-ը՝ Շիրակի մարզում: Էստեղ բավականին տխուր պատկեր ունենք առանձին համայնքների կտրվածքով, մասնավորապես՝ Ամասիա խոշորացված համայնքում կամ Ամասիա տարածաշրջանում. 26 բնակավայր կա, այսօր գործում է Ամասիայում 19 դպրոց որից 15-ը փակվում է: Ինչ ենք ստանում պատկերը՝ ամբողջ Ամասիա տարածաշրջանում նախատեսվում է պահել 4 դպրոց: Ես չգիտեմ ինչ հաշվարկի և ինչ տրամաբանության, հատկապես Ամասիան, որը տիպիկ լեռնային և ցուրտ բնակլիմայական պայմաններով է առանձնանում, ինչպե՞ս է այդ աշակերտների տեղափոխությունը ապահովվելու: Սրա ուղիղ հետևանքը լինելու է գյուղերի դատարկումը: Աշոցքում 19 դպրոց գործող կա, որից 11-ը փակվում են, Ախուրյանում 30 տոկոսը գործող դպրոցների փակվում են, Անիում՝ 7 դպրոց, Արթիկում՝ 4 դպրոց»:

Շիրակի մարզում գյուղի դատարկման օրինակ ունեն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկովը. դեռ խորհրդային տարիներին այս գյուղի դպրոցը սահմանային ուղեկալի ճաղերից այս կողմ գտնվող Բագրավան տեղափոխվեց: Գյուղը մի քանի տարում դատարկվեց: Մի քանի տասնյակ տարի է՝ Խարկովը ընդամենը մեկ բնակիչ ունի՝ 88-ամյա Վահանդուխտ տատը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ահազանգ. մինչև100 աշակերտ ունեցող 229 դպրոց սեպտեմբերից փակվելու է