«Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ». Վարդանյան

«Ադրբեջանը Տիգրանաշենը կարող է պահանջել միայն մի բանի համար, եթե ուզում է կազմաքանդել ՀՀ-ն»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա իր ելույթում անդրադառնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարություններին:

Վարչապետը շարունակում է զարգացնել խոսույթը, թե անկալվների հարցը կապված է Հայաստանի օկուպացված տարածքների հետ:

Կառավարության ղեկավարն արդեն երկրորդ անգամ է զուգահեռներ անցկացնում 2021-2022 թվականներին Ադրբեջանի գրաված մոտ 150 քառակուսի կիլոմետրի և 90-ականների տարածքների միջև, պնդելով՝ մի հարցը պետք է լուծվի մյուսին զուգահեռ՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի:

Վարչապետը նախօրեին օգտագործեց Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը. - «Հիմա էդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի: Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք: Երկրորդը՝ Արծվաշենը Հայաստանի տարածքն է, և էսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է, այսինքն՝ բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում, և այլն, և էդպես շարունակ»:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այդ հարցերը ռազմական լուծում չունեն, բայց չի էլ հստակեցնում՝ արդյոք Երևանը հակված է սահմանագծմամբ տարածքների փոխանակությա՞նը, թե՞ ամեն ինչ նույն կերպ թողնելուն:

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասում է՝ սահմանագծման ու սահմանազատման շրջանակներում առաջինը պետք է քննարկվի հետևյալ հարցը.- «Երբ են ադրբեջանցիները դուրս գալու ՀՀ օկուպացված տարածքներից: Ուրիշ ի՞նչ կարևոր հարց կա»:

Վարդանյանը պնդում է, թե Ադրբեջանի համար Տիգրանաշենը որևէ այլ նշանակություն չունի. «Տիգրանաշենը Ադրբեջանը կարող է պահանջել, եթե ուզում է ամբողջապես շրջափակման մեջ վերցնել ՀՀ-ն: Եթե էն, ում հետ հայտարարում եք, որ խաղաղությունը հաստատված է, առաջ է տանում իր նպատակները քեզ ոչնչացնելու, ո՞նց եք խաղաղություն հաստատել»,- հարցնում է ընդդիմադիր պատգամավորը:

Վարդանյանը նշում է, թե խաղաղություն հաստատելու համար պետք է վերացնել կոնֆլիկտ ծնող պատճառները. «Եկել հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ: Ես հիշեցնեմ, որ դուք ձեր վարչությամբ հավաքվել ու որոշելու իրավունք չունեք՝ որն է Հայաստան, որը չէ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկլավների հարցով այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, վստահեցնում է վարչապետը

Հրապարակային տարբեր տարիների տարբեր բաներ են ասվել, օրինակ՝ դեռ 2021-ին Փաշինյանը կասկած էր հայտնում, թե ընդհանրապես իրավական հիմքեր կան, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնի: Հետագայում վարչապետը չի բացառել անկլավների փոխանակության սցենարը, նախօրեին էլ ասաց՝ դա էլ է տարբերակ: