Հարավային Կորեան պատրաստ է ընդունել հյուսիսկորեացի ռազմագերիներին

Հյուսիսկորեացի զինվորներ, արխիվ

Հարավային Կորեան պատրաստ է ընդունել ուկրաինական գերության մեջ հայտնված հյուսիսկորեացի զինվորներին, եթե գերիները նման ցանկություն հայտնեն, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սահմանադրության համաձայն Հյուսիսային Կորեայի զինվորները մեր քաղաքացիներն են, և անհատների ազատ կամքի նկատմամբ հարգանքը համապատասխանում է միջազգային իրավունքին», - ասված է գերատեսչության հայտարարությունում։

Հարավային Կորեան նման առաջարկով հանդես է եկել, երբ գերեվարված հյուսիսկորեացի զինվորը Chosun Ilbo թերթին ասել է, որ ցանկանում է ապաստան ստանալ Հարավային Կորեայում: Ուկրաինացի զինվորականներից մեկն էլ, ում անունը չի հաղորդվում, ասել է, որ այդ ցանկության իրագործումը կախված է Հարավային Կորեայի կառավարության դիրքորոշումից։

Հարավային Կորեան հայտնել է, որ իրենց տեսակետը փոխանցել են ուկրաինացի գործընկերներին, և այդ ուղղությամբ խորհրդակցությունները շարունակվում են։

2025-ի հունվարին Կիևը հայտնել էր Կուրսկի շրջանում երկու հյուսիսկորեացի զինվորների գերեվարելու մասին։ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է նրանց հանձնել Հյուսիսային Կորեայի առաջնորդին, եթե նա կազմակերպի նրանց փոխանակումը ռուս գերության մեջ գտնվող ուկրաինացի զինվորների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկից հյուսիսկորեական զորքերը դուրս են բերվել առաջնագծից կորուստների պատճառով. New York Times