Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հայաստանյան այցին զուգահեռ ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա է հրավիրել Ազգային ժողովի դիմաց:
Կազմակերպիչները ակցիայի ընթացքում ոչ միայն Բաքվի բանտերում պահվող հայերի հարցն են բարձրաձայնում, այլ նաև պնդում, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում ընդդիմախոսներին:
Նրանք պահում են «Ալիևի բանտարկյալներ» և «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներ:
«25 տարի առաջ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին: Մենք հույս ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն: 25 տարի անց փաստում ենք, որ այդ ամբողջը փուչիկ է, կեղծ է, եվրոպական կառույցները Եվրոպական խորհրդից մինչև Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական պարլամենտից մինչև Եվրոպական օմբուդսմեն կույր են, խուլ են և համր», - հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հանձնակատարը Հայաստան էր ժամանել փետրվարի 3-ին, արտգործնախարար Միրզոյանի հետ զրույցում խոսել էին Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերի, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի մասին:
Եվրոպացի պաշտոնյային ՄԻ պաշտպանն էլ ներկայացրել էր բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի և կրոնական ազատությունների հետ կապված խնդիրները:
ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանն ակցիայի ընթացքում նշեց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, հայ ժողովուրդը դրա մասին գիտի. «Եվ որևէ միջազգային կառույց, որքան էլ նախկինում հեղինակավոր է եղել կամ դիտվել Հայաստանում, չունի հայ ժողովրդից ավելի բարձր իրավասություն արձանագրելու նման ամոթ ու նման ցավ»:
Ակցիայի մասնակիցները պնդեցին՝ իշխանությունները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին կեղծ տեղեկանքներ են ներկայացրել երկրում ժողովրդավարության իրավիճակի մասին:
Հայաստանի իշխանությունները հերքում են քաղաքական հետապնդումների մասին պնդումները, վստահեցնում, որ այս ամենը իրավական գործընթաց է: