Հանքարդյունաբերողների հերթական ծրագրերը Լոռիում. երեք գյուղերում հանրային լսումներ էին

Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի գյուղերում հանրային լսումներ էին. հերթական հանքարդյունաբերող ընկերությունը ծրագրում է թանկարժեք մետաղների երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածքում:

Դեռ անցյալ դարում ֆրանսիացիներն այստեղ ստորգետնյա եղանակով հանք են շահագործել: Պահպանված պղնձաձուլարանն ու հարստացուցիչ ֆաբրիկան, սակայն, հնացած են ու անարդյունավետ՝ մնացած հանքաքարի ոչ այնքան հարուստ պաշարներն արդյունահանելու համար: «Բարիբա» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գևորգ Մուրադյանը վստահեցնում էր՝ նոր տեխնոլոգիաներով են փոխարինելու եղածը:

«Ստեղ ձեռ չի տալիս հին սարքավորումներով կամ քլունգով գնալ էնտեղ որևիցե գործ իրականացնել: Հետևաբար՝ ցածր պարունակության հանքաքար կորզելու համար մեզ բացառապես պետք է կիրառել ժամանակակից տեխնոլոգիա», - հայտարարեց Մուրադյանը:

Բնապահպաններին, սակայն, չեն հուսադրում հանքագործների հայտարարությունները: Հարց բարձրացվեց այս գյուղերում հյուրատնային զարգացած բիզնեսի վրա հնարավոր բացասական ազդեցության մասին: Գևորգ Մուրադյանի պատասխանն ուշագրավ էր. նա վստահեցրեց, թե իրենց շնորհիվ տարածաշրջան կգան «ավելի բարձր մակարդակի» զբոսաշրջիկներ՝ ի դեմս հյուրանոցների կարիք ունեցող միջազգային մասնագետների:

«Արդյո՞ք մենք չենք ուզում մենք մեր տուրիստին ընտրենք, խի՞ պետք ա մենք սպասենք՝ որևիցե մեկը, որ պարապ ժամանակ ա տենց իրան ընձեռնվել, հելնի գա հասնի ստեղ: Բա բնականաբար կրթված, ամբողջ աշխարհի ցանկացած մշակույթը կրող տուրիստ կարող է գա», - հայտարարեց Մուրադյանը:

Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակն ընդամենը երեկ հանդես էր եկել կոչով՝ պատասխանատու մարմիններին հորդորելով որոշումներ կայացնելիս հաշվի առնել բնական միջավայրի պահպանությունն ու մարզի կայուն զբոսաշրջության երկարաժամկետ շահերը:

Բնապահպան Օլեգ Դուլգարյանը բարձրաձայնեց. - «Ձեր իսկ համայնքում ձեր իսկ ռազմավարությամբ իրականացվող էկոլոգիական ծրագրերը ենթարկվում են ռիսկի»:

Իրավիճակն առավել անհանգստացնող է դառնում այս գյուղերի անտառներում արդեն մեկ տարի ապրող եղջերուների համար: Ուղիղ մեկ տարի առաջ Բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ Եղեգնուտի անտառներում բաց թողնվեցին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կովկասյան ազնվացեղ եղջերուներ: Հանրային լսումներից առաջ դրանցից մեկը հայտնվել էր գյուղապետարանի բակում ու անխռով շփվում էր թե՛ պաշտոնյաների, թե՛ հանքարդյունաբերողների և թե՛ բնապահպանների հետ՝ թերևս անգամ չկասկածելով, թե իր անտառային տունը կարող է մի օր հանքավայր դառնալ:

Չնայած Փամբակի համայնքապետարանը հիմնադրամի հետ պայմանագիր ունի այս կենդանիների պահպանության վերաբերյալ, համայնքապետ Սուրեն Կոստանդյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե ինչպես է պատկերացնում բնապահպանական ծրագրերի ու հանքարդյունաբերության համատեղումը:

«Մեր համայնքը միշտ բաց ա, մեր համայնքը գնում ա իրա շահերի հետևից, ու տվյալ դեպքում՝ կլինի բնապահպանական ծրագրեր, կլինի հանքարդյունաբերություն, կլինի այլ ծրագրեր, համայնքը միշտ իր մոտ եկած հյուրերին լսում ա, տալիս ա, բարձրաձայնում ա իրա խնդիրները ու փորձում ա համագործակցի բոլորի հետ», - ասաց Կոստանդյանը:

Մինչդեռ «Բարիբա» ընկերության համահիմնադիր Գևորգ Մուրադյանը վստահեցնում էր, թե եղջերուների համար 150-մետրանոց անվտանգ գոտի են ստեղծելու՝ արգելապատնեշներով:

«Ես դուս եմ հանել ի վնաս ինձ Մարգահովիտի հատվածը, որպեսզի չվնասեմ, հետագայում էլ անգամ չվնասեմ թե՛ գետին, թե՛ նաև մեր սիրուն բարեկամներին, որ տենում ենք՝ արդեն իջել են նաև մեր մոտ: Գիտակցելով դա, մտածելով բնության մասին, 150 մետրանոց բուֆեր եմ ստեղծել ողջ երկայնքով», - ասաց Մուրադյանը:

Հանրային լսումներին հյուրատների բիզնես ունեցողներ կային, բայց չարտահայտվեցին: Դեբետ գյուղում խոշոր ներդրումներ արած COAF-ից ներկայացուցիչներ չկային: Տեղի բնակիչներից էլ բացահայտ դեմ արտահայտվողներ չեղան:

Իսկ քննարկումների դահլիճներից դուրս բնակիչները խոստովանում էին իրենց մտահոգությունները՝ հարուստ բնությունն ու այլ տարածքներում հանքերի թողած տխուր հետևանքներն անհամատեղելի են:

Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բարիբա» ընկերության իրական շահառուները փոխկապակցված են «Վալեքս» խմբի հետ, որը տասնամյակներ շարունակ հանքարդյունահանում է իրականացրել Թեղուտում և Ալավերդիում: Գևորգ Մուրադյանը չհերքեց կապը «Վալեքս»-ի հետ, որը ութ տարի առաջ չվճարված հարկերի ու ՎՏԲ բանկի հանդեպ ունեցած շուրջ 400 միլիոն դոլարի պարտավորության դիմաց զրկվել էր Թեղուտի հանքից:

Ուշագրավ է, որ ընկերությունում 20 տոկոս բաժնեմաս ունեցող Հովհաննես Սուքիասյանը երկար տարիներ եղել է «Վալեքս» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի անձնական վարորդը: