Համընդհանուր առողջապահական ապահովագրություն. Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում մարդկանց «հոսքը շատացել է»

Ուղիղ մեկ ամիս է՝ Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: Թեև այսօր խորհրդարանում առողջապահության նախարարը վստահեցնում էր, թե պոլիկլինիկաներում հերթերը քչացել են, օրվա երկրորդ կեսին Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում բժիշկների սենյակների մոտ հերթ էր: Հոսքը շատացել է, հաստատեցին պոլիկլինիկայում:

«Շատացել է, նույնիսկ կարելի է ասել 2-3 անգամ», - ասաց բժիշկներից մեկը:

Գոհար Գրիգորյանը ապահովագրական համակարգի ներդրումից հետո առաջին անգամ էր եկել պոլիկլինիկա՝ դեղորայքի համար: Արդյոք ճշտե՞լ է՝ իրեն հասանելիք դեղերն ապահովագրության շրջանակներում անվճար են, թե համավճարով:

«Սրսկման դեղերը, չգիտեմ, պիտի լինեն, թե չէ: Եթե անվճար էլ չլինի, գոնե կիսով չափ լինի, կօգտվենք», - ասաց Գոհար Գրիգորյանը:

Նեղ մասնագետի մոտ հետազոտությունից հետո է նշանակվում դեղորայքը:

Հաջորդ դուռը, որ պիտի թակեր Գոհար Գրիգորյանը, ընտանեկան բժիշկն է: Նեղ մասնագետի ցուցումով հենց ընտանեկան բժիշկն է դեղորայքը «Արմենդ» համակարգում ներբեռնում: Իսկ ինչպե՞ս են պարզում՝ այդ դեղը դեղատանը կա, թե ոչ. «Եթե համակարգ մտնում ենք, եթե չլինի, չի ներբեռնվի, իսկ եթե ներբեռնվում է, ուրեմն դեղը կա»:

Ընտանեկան բժիշկ Գոհար Սահակյանն ասում է՝ դեղորայքի բավականին մեծ ցուցակ ունեն իրենց ձեռքի տակ, բայց որոշ դեղեր բուժառուն համավճարով է ձեռք բերելու. «Նույն քիմիական բաղադրությամբ դեղից կարող է և՛ համավճարով լինի, և՛ առանց, եթե հիվանդն ի վիճակի չէ համավճարով, ուրեմն կարող է մյուսն ընտրել, ընտրության հնարավորություն էլ ունի»:

Բուժառու կա դժգոհում է, ասում է մեկ այլ ընտանեկան բժիշկ Զառա Գևորգյանը, որ նախկինում պետպատվերով անվճար տրամադրվող դեղերից որոշները դարձել են համավճարով. «Իրենց համար արդեն անհասկանալի է, թե ինչի եղավ համավճար, բայց դե աշխատում ենք բացատրել՝ եթե ուզում եք անվճար, պետք է ընտրեք այն բրենդը, որը մտնում է անվճար դեղորայքի ցանկի մեջ»:

Դեղորայքի համավճարի մասին այսօր նաև առողջապահության նախարարը խոսեց՝ նշելով, որ ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ՝ և՛ ծառայությունների, և՛ դեղորայքի մասով. «Մենք Հայաստանի Հանրապետությունով քիմիական անվանումով դեղի բոլոր բրենդների համար սահմանել ենք առավել փոխհատուցման գին: Սա նշանակում է, որ այս 5-ից կարող է 1-ի, 3-ի պարագայում մեր փոխհատուցման գնի մեջ ամբողջովին մտնում է, այսինքն, մարդը ոչինչ չի ավելացնում տվյալ բրենդն առնելու պարագայում, բայց կան էնպիսի բրենդի դեղեր, որոնք մեր փոխհատուցման գնին հավելյալ պետք է վճարում իրականացնեն»:

Նախարարը հավելեց, որ այս տարեսկզբին արդեն իսկ դեղորայքի ներմուծման լուրջ ավելացում ունեն. «Հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն դեղորայքի ներմուծման ծավալները, նախորդ ընթացակարգերի ամբողջական դիտարկում որ անում ենք, 10 միլիոն դոլարից ավելի նախորդ ամիսների համեմատ դեղ է ներմուծվում»:

Անահիտ Ավանեսյանը նաև վստահեցրեց, որ ապահովագրված անձի համար ծախսվող գումարի առավելագույն շեմ սահմանված չէ, բայց սահմանափակումներ կան:

«Արտահիվանդանոցային կարգով МРТ հետազոտության տարվա 2 դեպք ենք փոխհատուցում, դրանից ավելին արդեն ապահովագրական փաթեթից դուրս է: Ինչպես ասացի՝ նեղ մասնագետի 2 խորհրդատվություն: Ամեն ծառայության որոշակի շեմեր կան: Ունենք առավել փոխհատուցման գներ, դրանից ավելի չենք փոխհատուցում», - ներկայացրեց նա:

Բացի այս սահմանափակումներից՝ առողջության ապահովագրության համակարգը ծածկում է մատուցվող ծառայություններից մոտ 30 տոկոսը, փոխհատուցվող ցանկին քաղաքացիները կարող են ծանոթանալ «Արմեդ» համակարգում, դրանից դուրս ծառայություններն արդեն վճարովի են:

Նախատեսվում է, որ ապահովագրության առաջին փուլում՝ այս տարի, համակարգից կօգտվի 1 միլիոն 600 հազար մարդ։ Պետությունը կվճարի մինչև 18 տարեկանների, 65 տարին լրացած քաղաքացիների, 18-65 տարեկան՝ հաշմանդամության առաջինից երրորդ խմբերում ընդգրկված անձանց և անապահովության 28 ու ավելի միավոր ունեցող քաղաքացիների համար։ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողները նույնպես կարող են օգտվել, բայց ծառայությունների համար իրենք պետք է վճարեն: Աշխատող քաղաքացիները, կախված աշխատավարձի չափից, պետությանը ամսական 4800-10 800 դրամ են վճարում: