«Համակարգն ունի իր մեղքը». պաստառ պոկելու համար ձերբակալված ու հոգեբուժարանում ինքնասպան եղած տղամարդու գործով մեղադրյալ չկա

Երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը պոկելուց հետո ձերբակալված, ապա հոգեբուժարանում մահացած տղամարդու գործով մեղադրյալներ դեռ չկան: Քննչականից փոխանցում են միայն, որ դեռ քննում են 55-ամյա Արմեն Հովհաննիսյանի ողբերգական մահվան հանգամանքները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Թեմուրյանն ընդգծում է՝ կապ չունի՝ ուներ Հովհաննիսյանը հոգեկան առողջության խնդիր, թե՝ ոչ, պաստառ պոկելու համար մարդուն չեն ձերբակալում, դա լավագույն դեպքում տուգանքի ենթակա արարք էր:

«Մենք պետք է միայն մի հանգամանքից, կարծում եմ, ելնենք. եթե անձը վնասել է պաստառը, արդյո՞ք իրավաչափ է տվյալ անձին ձերբակալելը կամ ազատությունից զրկելը, անձին կարող էի՞ն, իրավունք ունեի՞ն ձերբակալելու ու դնելու նման խոցելի իրավիճակում, հատկապես անձին, որ հոգեկան առողջության խնդիր ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թեմուրյանը:

Իրավապահները դեռ չեն բացահայտում՝ արդյո՞ք բացի մահվան հանգամանքներից քննում են նաև ոստիկանների գործողությունները, որ Նշավանի ՔՊ-ական գյուղապետի ահազանգով շտապել էին գյուղ, ձեռնաշղթաներ անցկացրել ակնհայտ հոգեկան խնդիր ունեցող տղամարդուն, տարել ձերբակալվածների պահման վայր: Հետո, երբ նա վատացել էր, շտապօգնություն էին կանչել, տեղափոխել հոգեբուժարան:

«Պաստառը վնասվելը կարող է հանգեցնել ինչ որ մեկին վնասելո՞ւն: Ո՞րն էր համոզմունքը, որ հետագա գործողությունները անձի բերելու էին որևէ մեկին վտանգ սպառնալուն: Հակառակը՝ պրակտիկան ցույց է տալիս, որ փաստացի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շատ ավելի հաճախակի են տարբեր հանգամանքներում բռնության ենթարկվում, կամ այլ իրավունքներն են խախտվում, քան թե իրենք են այլոց իրավունքները խախտում», - նշեց իրավապաշտպանը:

Դեպքից օրեր անց, սակայն, Նշավանի վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանն ասել էր՝ ոստիկանություն էր զանգել, քանի որ համագյուղացին շատ ագրեսիվ էր դարձել, թեև գյուղացիներից ոմանք պատմում էին, որ Արմենից ոչ վախենալու առիթ էին ունեցել, ոչ էլ վատ բան տեսել:

«Ասեցի՝ տենց մարդ ա, հիմա կոնկրետ, տենց, պլակատները պոկել ա», - նշել էր Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ ոստիկանները ձերբակալեցին քաղաքացուն մի պաստառ պոկելու համար, հարցնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները պաշտպանող Թեմուրյանը: Ստացվում է, որ անձը զրկվեց ազատությունից և մահացավ:

«Հուսով եմ, որ իսկապես կբացահայտվեն հանգամանքները, և պատասխանատվություն կկրեն այն անձինք, ովքեր մեղավոր են այդ անձի ազատազրկման և նաև մահվան համար», - ասաց Թեմուրյանը:

Նշավանցի տղամարդը հոգեբուժարանում եղել էր հենց ոստիկանների հսկողության տակ՝ ձերբակալվածի կարգավիճակով: Ի՞նչ է արվել նրա ինքնասպանությունը կանխելու համար՝ իրավապահները դեռ չեն հստակեցնում։

«Համակարգը ունի իր մեղքը, այո, որ անձը ինքնասպան է եղել», - շեշտեց իրավապաշտպանը:

Բարձրաստիճան պաշտոնյաներից Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, երեկ Հանրայինի եթերում պնդում էր՝ նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, ըստ էության չընդունելով պետության մեղքի բաժինը:

«Մի հոգեկան հիվանդություն ունեցող, դուք ասեցիք, հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդ ինքնասպանություն է գործել, ըհը, եկեք տանենք կպցնենք... Հարգելիս, բազմաթիվ տենց դեպքեր ա լինում», - հայտարարում էր Սիմոնյանը:

Երեկվա բանավեճում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգոյանն էր իշխանություններին մեղադրում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած այս ողբերգության համար: Հիշեցնում էր, որ Քննչականը պաստառ պոկելը որակել է քարոզարշավին խոչընդոտել ու այդ հոդվածով վարույթ նախաձեռնել, բայց չհասցրեց մեղադրանք առաջադրել՝ Արմեն Հովհաննիսյանը մահացավ:

«Պաստառը պոկելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ», - ընդգծում էր Գրիգորյանը:

«Ազատություն»-ը գրավոր հարցումներ է ուղարկել Քննչական և Ոստիկանություն՝ Արմեն Հովհաննիսյանի ձերբակալության, հոգեբուժարան տեղափոխման, այնտեղ գտնվելու ընթացքում ոստիկանների դերակատարության և մահվան հանգամանքների վերաբերյալ։ Պատասխան դեռ չենք ստացել: Պարզ չէ՝ արդյոք քրեական գործին զուգահեռ Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն նշանակե՞լ է՝ պարզելու ոստիկանների մեղքի բաժինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԿ-ները պահանջում են անկախ քննություն՝ Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացու մահվան գործովՆախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել