Հաքերները Revolut-ից 3 մլն դոլար են պահանջում հաճախորդների տվյալների դիմաց

Հաքերային խումբը՝ iamnotavillain անվամբ, բրիտանական Revolut առցանց բանկից 3 միլիոն դոլար փրկագին է պահանջում, սպառնալով հակառակ դեպքում վաճառել հաճախորդների գողացված տվյալները այլ հանցավոր խմբերի, հաղորդում է Financial Times պարբերականը:

Հաքերները վերջնագիր են հրապարակել իրենց կայքում՝ 24-ժամյա ժամկետ նշանակելով 6000 միավոր Monero (XMR) կրիպտոարժույթի փոխանցման համար: Խումբը պնդում է, որ դեռևս բանակցություններ չի վարել Revolut-ի հետ:

Financial Times-ը կապվել է հաքերների հետ և նրանցից ստացել տեսագրություն, որում, ինչպես պնդում է խումբը, ցուցադրված է առևանգված տվյալների զանգվածը: Փաստաթղթերի մեջ երևում են անձնագրեր, վարորդական իրավունքի վկայականներ, ինչպես նաև բանկային գործարքների պատմություններ: Պարբերականի տվյալներով՝ արտահոսքը վերաբերում է առնվազն 680 հաճախորդների հաշիվներին:

Հաքերները, ինչպես ավելի վաղ պարզել էր FT-ն, ոչ թե ուղղակիորեն էին կոտրել Revolut-ի համակարգը, այլ թափանցել էին իտալական պետական մարմիններից մեկի էլեկտրոնային փոստ և մի քանի ամիս ներկայացել իբրև իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ բանկին կոնկրետ հաճախորդների տվյալների վերաբերյալ հարցումներ ուղարկելով:

Revolut-ը հայտարարել է, որ հաքերային խմբից անմիջականորեն չի ստացել որևէ պահանջ կամ դիմում: Բանկը հաղորդել է, որ տուժած հաճախորդներին օգնություն է տրամադրում և համագործակցում է իրավապահ մարմինների ու կարգավորողների հետ:

Revolut-ը հիմնադրվել է Լոնդոնում 2015 թվականին Նիկոլայ Ստորոնսկու և Վլադ Յացենկոյի կողմից: Ստորոնսկին ծնունդով Ռուսաստանից է, ներկայումս բանկի գլխավոր տնօրենն է: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից: Յացենկոն ծնունդով Ուկրաինայից է, ընդգրկված է ընկերության տնօրենների խորհրդում:

Revolut-ը սպասարկում է շուրջ 8 միլիոն հաճախորդի և որպես բանկ աշխատում է երեք տասնյակից ավելի երկրներում: Վերջերս բաժնետոմսերի վաճառքի ժամանակ ընկերությունը գնահատել են 115 միլիարդ դոլար: