Հաքերներն Ուկրաինայում և ՌԴ-ում կոտրել են օդային սպառնալիքի մասին ծանուցող հավելվածները

Իլյուստրացիա, համակարգչի էկրանի դիմաց հաքերը կիբեռհարձակում է պլանավորում

Ուկրաինայի պաշտոնական Air Alert հավելվածը (Повітряна тривога), որը կիրառվում է հանրությանն օդային հարվածների սպառնալիքի մասին տեղեկացնելու համար, հաքերային հարձակման է ենթարկվել երեկոյան:

Հարձակումից հետո օգտատերերն սկսել են կեղծ ահազանգեր ստանալ ճառագայթային և քիմիական վտանգների, ինչպես նաև Կիևում փողոցային կռիվների սպառնալիքի մասին:

Միջադեպին առաջինն արձագանքել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականները հայտարարել են, որ հավելվածը, հավանաբար, ենթարկվել է «թշնամական ազդեցության» և ընդգծել, որ «ճառագայթային սպառնալիք չկա»։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ նախազգուշացման պետական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և սպառնալիքի բոլոր ազդանշանները փոխանցվում են տարածաշրջանային վարչակազմերին և փողոցային նախազգուշացման համակարգերին։

Մշակողները հաստատել են՝ հավելվածը կոտրել են

Հավելվածի մշակողներն ավելի ուշ հաստատել են հաքերային հարձակումը։ «Այսօր կողմնակի անձինք միջամտել են հավելվածի աշխատանքին։ Մենք անջատել ենք push ծանուցումները և ժամանակավորապես դադարեցրել հավելվածի գործունեությունը»,- Telegram-ում հայտարարել են նրանք՝ կոչ անելով օգտատերերին չսեղմել կասկածելի ծանուցումներից ստացված հղումների վրա։

Նոյեմբերի 2-ի գիշերը թիմը հայտարարել է կիբեռհարձակումից հետո ծառայությունների գործունեության աստիճանական վերականգնման մասին: Մշակողների խոսքով՝ օգտատերերը կրկին սկսել են ստանալ օդային հարձակման մասին ահազանգերի ծանուցումներ, չնայած որոշ գործառույթներ ժամանակավորապես անհասանելի են: Թիմը նաև նշել է, որ հավելվածը չի պահպանում օգտատերերի անձնական տվյալները, իրականացվում են կիբեռանվտանգության լրացուցիչ միջոցառումներ:

ՌԴ ԱԻՆ-ը ևս կիբեռհարձակման է ենթարկվել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես գրեթե միաժամանակ հաղորդել է հաքերային հարձակման մասին: Գործակալությունը հայտարարել է, որ իր բջջային հավելվածը ենթարկվել է «զանգվածային կիբեռհարձակման», ինչի հետևանքով հարձակվողները կեղծ տեղեկություններ են ուղարկել օգտատերերին Ռուսաստանի ուղղությամբ ենթադրաբար արձակված միջուկային մարտագլխիկների մասին:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մասնագետները աշխատում են խոցելիությունը շտկելու և ծառայության բնականոն գործունեությունը վերականգնելու ուղղությամբ: