Մինսկն ու Փհենյանը խորացնում են համագործակցությունը՝ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին պաշտոնական այցն է կատարել Հյուսիսային Կորեա։ Բելառուսի պետական BELTA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկօրյա այցի ընթացքում կողմերը կստորագրեն բարեկամության և համագործակցության պայմանագիր։
«Կիմը կփորձի օգտվել այս առիթից՝ բարձրացնելու իր դիվանագիտական հեղինակությունը և ամրապնդելու այսպես կոչված հակաարևմտյան բլոկի համերաշխությունը», -AFP-ին ասել է Կորեայի պաշտպանական վերլուծությունների ինստիտուտի փորձագետ Լի Հո-րյունը։
Երկու երկրներն էլ աջակցություն են ցուցաբերել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում․ Փհենյանը ուղարկել է ցամաքային զորքեր և զենք, իսկ Մինսկը 2022 թվականին ծառայել է որպես հարթակ Ռուսաստանի ներխուժման համար։
Երկու մեկուսացված ռեժիմ՝ ընդհանուր մարտահրավերներով
Հյուսիսային Կորեան գտնվում է Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ՝ հիմնականում իր միջուկային ծրագրի և հրթիռային գործունեության, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմին աջակցելու պատճառով։
Հարավկորեական և արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ Փհենյանը հազարավոր զինվորներ է ուղարկել Ռուսաստան, հիմնականում Կուրսկի շրջան, ինչպես նաև հրետանային արկեր, հրթիռներ և հրթիռային համակարգեր։ Հարավային Կորեայի տվյալներով՝ շուրջ 2000 հյուսիսկորեացի զինվոր զոհվել է, իսկ հազարավորները՝ վիրավորվել։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս ամենի դիմաց Հյուսիսային Կորեան Ռուսաստանից ստանում է ֆինանսական աջակցություն, ռազմական տեխնոլոգիաներ, սնունդ և էներգակիրներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին այցելել էր այդ երկիր։
Այս ամենը թույլ է տվել Փհենյանին նվազեցնել կախվածությունը իր երկարամյա հիմնական գործընկեր Չինաստանից։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններին մեղադրում են խոշտանգումների, հրապարակային մահապատիժների, բանտային ճամբարների, հարկադիր աշխատանքի և արտահայտվելու ու տեղաշարժվելու ազատությունների սահմանափակման մեջ։
Արևմուտքը խիստ պատժամիջոցներ է սահմանել նաև Բելառուսի նկատմամբ՝ Ուկրաինա ներխուժմանը աջակցելու, ինչպես նաև 2020 թվականի բողոքների ճնշման պատճառով։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երկրորդ ժամկետում փորձել է զարգացնել հարաբերությունները Բելառուսի հետ՝ թուլացնելով պատժամիջոցները և ընդգրկելով իր «Խաղաղության խորհրդում»։
Վերջին ամիսներին Բելառուսը ազատ է արձակել տասնյակ կալանավորների՝ հիմնականում ԱՄՆ ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ այս ամսվա սկզբին շուրջ 250 մարդ։
Սակայն երկրի բանտերում դեռևս պահվում են հարյուրավոր քաղաքական կալանավորներ, որոնցից շատերը ձերբակալվել են 2020 թվականի ընտրություններից հետո, որոնք ընդդիմության կողմից համարվել են կեղծված։