38 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն ամբողջությամբ վերացնելու ծրագրերը դարձյալ հետաձգվում են՝ այս անգամ հավանաբար ևս հինգ տարով: Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանին բնակարանի խնդրով դիմեցին, նա վերջնաժամկետ նշեց 2031 թվականը, այսինքն՝ մինչև հաջորդ ընտրությունները. - «2031 թվին պտի Գյումրիում դոմիկ չլնի»:
Այնինչ հենց Փաշինյանի կառավարությունն էր խոստացել անօթևանության խնդիրը լուծել մինչև 2027 թվականը: Ընդհանրապես այս հարցն ակտիվանում է հիմնականում համապետական ընտրությունների ժամանակ: Աղետի գոտին վերականգնելու սովետական կիսավարտ ծրագիրը ավարտելու խոստում տվել են Հայաստանի բոլոր կառավարությունները: Գործող կառավարությունը փայտե տնակներից ազատվելու որոշումը կայացրել էր 2022 թվականին, բայց վերջին չորս տարում պետական մակարդակով բնակարանային որևէ ծրագիր չի իրականացվել: Միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամն է չորս շենք կառուցել տնակում ապրող անապահով ընտանիքների համար:
Պաշտոնական տվյալներով՝ այս պահին միայն Գյումրիում 2 հազար 465 տնակ կա հաշվառված, բայց պետությունը փոխհատուցման պարտավորություն է ստանձնել միայն 596 ընտանիքի նկատմամբ:
Երեկ այս հարցը Կառավարությունում է քննարկել, բայց թե կոնկետ ինչ է որոշվել, ինչ ճանապարհով են լուծելու հարցը, վարչապետի գրասենյակը մանրամասներ չի հայտնել:
Գյումրիի տարբեր թաղամասերում ժամանակավոր կացարաններում տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքներ են ապրում: Ոմանք տուն են ստացել, վաճառել ու կրկին տնակում հայտնվել:
Գոհար Խաչատրյանը երկրաշարժին բնակարան չի կորցրել, վարձով է ապրել, բայց քանի որ հինգ անչափահաս երեխա է ունեցել, առաջնահերթ բնակարան են հատկացրել:
«Բազմազավակ եմ եղել, չորս սենյակի մեջ էի գրանցված, լավ կհիշեմ էսօրվա պես, 98 համարն է եղել, հետո գնացել եմ քաղաքապետարան, թե՝ «մենք հմի չունենք, չորս սենյականոց ոչ մի տեղ չկա, ունենք հիմա երկու սենյականոց, բեր երկուսը տանք», երկուսը թողին հերթի մեջ: Հետո էլ գնացի դիմեցի՝ ասեցին՝ «չկա, ստացել ես»: Ասի՝ չորս սենյակի տեղը երկուս եմ ստացել: Պրծավ, ու վսյո», - «Ազատության» հետ զրույցում պատմեց կինը:
Երկու սենյականոցը վաճառել է որդու մահից հետո ու այս տնակում է ապրում արդեն 27 տարի: Ծանուցում ստացել է, որ տնակը պետք է ազատի, բայց չգիտի ուր գնա. - «Ես առնեմ ո՞ւր էրթամ, էս երեխեքին: Լավ է որ դոմիկս կմնամ, երբ որ եղավ՝ եղավ»:
Բնակարան ստացած, վաճառած, ապա տնակ տեղափոխված ընտանիքներին մեկ տարվա վարձավճար է առաջարկվելու: Դրանից հետո արդեն ամեն մեկն ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի: Սոցիալապես անապահով ընտանիքն ի վիճակի չէ հետո ո՛չ բնակարանի վարձ տալ, ո՛չ առավել ևս բնակարան գնել:
«Աշխատանք չկա, ոչ մի բան չկա, ի՞նչ անեմ ես: Թող գոնե էս հմիկվա պետությունը ընդառաջե երկու սենյակը մեզ», - ասում է Գոհար Խաչատրյանը:
Տիկին Գոհարի հարևաններն են Հակոբյանները: 11-հոգանոց ընտանիքը տնակում այլևս չի տեղավորվում: Մի մասը վարձով տուն է տեղափոխվել: Մյուսները 37 տարի արդեն քայքայված տնակում են ապրում, խոնավության մեջ ու կոմունալ տարրական պայմաններից զուրկ: Երկրաշարժի ժամանակ նրանք էլ բնակարան չեն կորցրել, հետևաբար՝ անօթևանի կարգավիճակ չունեն:
Հակոբյանների տնակը Գյումրիում
«89 թվականից հենց ստեղ եմ ապրել մինչև առ էսօր: Երեխեքս պուճուր էին, մսուրահասակ, ամուսնացել են, հմի իրանց բալիկներն են արդեն ծնվել, մեծացել, էստեղ», - «Ազատությանը» ասաց Սիրանուշ Հակոբյանը:
Նա ևս պնդում է, որ առանց պետության օգնության ի վիճակ չեն լինի բնակարանի հարցն ինքնուրույն լուծել. - «Ու մարդիկ կըսեն՝ էս տարի է՞լ տան հույս չեղավ, էս տարի է՞լ մե բանըմ չեղավ: Էլի կըսեմ՝ ուղղակի հույսս վերև Աստված ու մեր պետական այրերը, հնարավորության սահմանում, ուղղակի խնդրում եմ, մե որևէ հնարըմ բնակարանային: Բայց գումարային հնարավորություն չունիմ ես՝ որևէ գումար ծախսելու»:
Փոխհատուցում չստացած ընտանիքներին կա՛մ ֆինանսական աջակցություն է տրամադրվելու, կա՛մ սոցիալական բնակարան: Սա Կառավարության նախորդ որոշմամբ է սահմանված: Մինչև 2031 թվականն արդյոք կվերանայվեն տնակներում ապրող ընտանիքների նկատմամբ մոտեցումները, առայժմ հստակ չէ: Հստակ է, որ Կառավարությունն արդեն պետք է ապամոնտած լիներ խարխուլ տնակները, մինչդեռ երեկ պաշտոնյաները դեռ քննարկում էին և՛ փոխհատուցման տրամադրման, և՛ տնակների ապամոնտաժման մեխանիզմները, որպեսզի «խնդիրը վերջնական լուծում ստանա»: