Գյումրիում և Վանաձորում աղբի վերամշակման ծրագրերը մնում են թղթի վրա. ինչո՞ւ

Աղբ Վանաձորում, արխիվ

Մինչ Գյումրիում և Վանաձորում աղբավայրերը մշտապես ծխում են, թղթի վրա են մնում աղբի վերամշակման ծրագրերը:

«Արմէկոտեկ» ընկերությունը խոստանում է 9 միլիոն դոլար ներդնել, սեփական միջոցներով ու եվրոպական ստանդարտներով լուծել երկու քաղաքների աղբի խնդիրը, բայց նախնական համաձայնություններից ու հանրային լսումներից այն կողմ գործն առաջ չի գնում:

«Արմէկոտեկ»-ի հիմնադիր Միխայիլ Բադինն ասում է՝ ընկերությունը պատրաստ է սեփական միջոցներով ապահովել առաջատար տեխնիկա, աղբարկղերի սպասարկում և անվնաս վերամշակում. «Մենք ուզում ենք, որ ռեգիոնները աղբավայր հասկացությունը չիմանան ինչ բան է»:

Ներկայացված ծրագրով՝ աղբից ստացվելու է գյուղատնտեսական պարարտանյութ, իսկ համայնքներին 5 տոկոս բաժնեմաս կհատկացվի։ Բայց առաջարկում են՝ որպես երաշխիք հողատարածքն իրենց նվիրատվություն անեն, որպեսզի հետագայում չտուժեն իշխանությունների քմահաճույքներից։ Հակառակ դեպքում՝ համայնքները կզրկվեն իրենց խոստացած 5 տոկոս մասնաբաժնից, ասում է ընկերության հիմնադիրը:

Վանաձորում, թեև բանավոր, բայց խոստումներ են ստացել, անգամ համայնքին պատկանող հողատարածք են առանձնացրել, որպեսզի ավելի ուշ ընկերությանը հատկացվի՝ վերամշակման գործարանի համար, ասում է Բադինը: Գյումրիում էլ ավագանու որոշում կա՝ դեռ երկու տարի առաջ ավագանին որոշել է աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին նախնական համաձայնություն տալ: Միևնույնն է, երկու տարի շարունակ հողհատկացման հարցը ավագանու նիստերի օրակարգ չի մտնում։

Ընդ որում, դեռ ամիսներ առաջ Գյումրու քաղաքային իշխանությունների դիրքորոշումը միանգամայն մերժողական էր: Անցած հոկտեմբերից բանտում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավագանու նիստին հայտարարել էր, թե այս ծրագիրը համայնքին օգուտ չի տա:

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, մինչդեռ մեկ ամիս առաջ հենց ավագանու նիստի ժամանակ էր հայտարարել, թե հաջորդ նիստին աղբի վերամշակման հարցը օրակարգ կմտցվի: Բայց երեկվա տապալված նիստի փաստաթղթերում ևս այդ հարցն այդպես էլ տեղ չէր գտել։

Վանաձորում վերջին մեկ տարում միայն մեկ նիստ է եղել, ու այնտեղ էլ հարցը քննարկման չի դրվել։

Մինչ պաշտոնյաները ձգձգում են որոշումների կայացումը, երկու քաղաքների աղբավայրերն էլ շարունակում են շահագործվել հակասանիտարական պայմաններում՝ բնակավայրերին կպած, իսկ պարբերական հրդեհները թունավորում են շրջակա միջավայրը։ Ավելին, դեռ երկու տարի առաջ Եվրամիության դրամաշնորհով ձեռք բերված աղբի վերամշակման հաստոցները ևս երկու քաղաքներում էլ մինչ օրս անգործության են մատնված, իսկ նոր ներդրումների առաջարկները մերժվում են քաշքշուկների պատճառով։

Թե երբ տեղական իշխանությունները հայտարարություններից կանցնեն գործնական քայլերի, և երբ 9 միլիոն դոլարանոց ծրագիրը կմտնի ավագանու օրակարգ, դեռևս անհայտ է: Երկու քաղաքներում էլ այս պահին քաղաքական ճգնաժամ է: Վանաձորը խոշորացման ու հավանաբար նոր ընտրությունների է գնում 5 տարվա ժամանակավոր կառավարումից հետո, Գյումրիում էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բարձր ամբիոններից իշխանափոխության մասին է խոսում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիում և Վանաձորում աղբի վերամշակման ծրագիրը բախվում է խոչընդոտների