Գյումրիում այգու բարեկարգումը սկսվել է ծառահատումով ու կանգ առել. ծրագրի ճակատագիրն անորոշ է

Գյումրիի Հաղթանակի զբոսայգու մի հատվածում կառավարության և համայնքի ֆինանսավորմամբ բարեկարգման ծրագիրը մեկ ամիս առաջ մեկնարկել ու մի քանի օրից կասեցվել է: Ու հիմա անորոշ է՝ այգին կբարեկարգվի, թե՝ ոչ:

Աշխատանքների մեկնարկին տարածքից ծառեր են հատվել, բնապահպանության տեսչությունը եկել, հաշվել ու վարույթ է հարուցել՝ նյութերն էլ ուղարկել Քննչական: Այստեղ քրեական վարույթ են սկսել՝ ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու հատկանիշներով: Ըստ տեսչական մարմնի՝ 12 ծառ է հատվել:

«Զննության ընթացքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։ Դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։ Հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված վնաս՝ 630.000 ՀՀ դրամի չափով», - նշված է տեսչական մարմնի հայտարարությունում։

Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը համաձայն չէ այս թվի հետ. «Ըստ իմ ինֆորմացիայի, 2 հաստաբուն ծառ է հատվել»:

Թե քանի ծառ է ի վերջո հատվել, պետք է պարզի Քննչական կոմիտեն՝ նախաքննության ընթացքում:

Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հիմնավորում է, թե ինչու էր պետք կտրել ծառերը. «Ծառահատման հետ մեկտեղ նաև նույնպես գրություններ ունենք, որը հիմնավորում է, որ շինարարական աշխատանքներից ելնելով, այսինքն, փորվել են, երևի մի 70 տարվա ծառեր էին, արմատները մտել էին կանալի մեջ, դրա հետ կապված հեռացրել են»:

Շինարարը՝ Մերձմոսկովյան ընկերությո՞ւնն է հատել ծառերը, թե՞ համայնքապետարանը: Առաքելյանը պնդում է՝ տեղում եղել ու անձամբ է տեսել արդեն շուռ եկած ծառերը:

Ծառերի տեղափոխման համար ինքն է որոշում կայացրել:

Իսկ նախագծով ծառերի հատում նախատեսվա՞ծ էր, թե՞ ոչ, այս հարցին փոխքաղաքապետը հստակ պատասխան չտվեց: Արդեն ծառահատումից հետո նախագծողին բացատրագիր է ուղարկվել:

Պարզվում է՝ այգու բարեկարգման աշխատանքները ոչ թե քննչական գործողությունների պատճառով են դադարեցվել, այլ շինարարի հետ է խնդիրը:

Մասնակցային բյուջետավորմամբ այս ծրագրի համար կառավարությունը 69 մլն դրամ է հատկացրել, մնացած 110 միլիոնը Գյումրիի համայնքապետարանը: Նախապայմաններից մեկը մինչև դեկտեմբեր ծրագրի 70 տոկոսի իրականացումն է: Հնարավո՞ր է այս մեկն էլ նախորդ մասնակցային բյուջետավորման՝ շների կացարանի կառուցման ծրագրի ճակատագրին արժանանա և կառավարությունը ետ վերցնի տրամադրած գումարը:

Գյումրիում անցած տարի տապալվեց թափառող շների կացարանի կառուցման ծրագիրը: 5 անգամ մրցույթ հայտարարվեց, որոնց այդպես էլ ոչ մի ընկերություն չմասնակցեց: Կառավարության հատկացրած 85 մլն դրամը ետ գնաց բյուջե, իսկ կացարանի կառուցման ողջ բեռը մնաց համայնքապետարանի վրա: Հիմա Գյումրիի տեղական բյուջեից պետք է 138 մլն դրամ հատկացվի այդ ծրագրի համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թափառող շների խնդիրը Գյումրիում. հարձակման դեպքերն աճում են, ստերջացման ծրագիրը չի գործում