Կոռուպցիոն մեղադրանքով արդեն 4 ամիս բանտում գտնվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի փաստաբաններն այսօր դատարանում դարձյալ պնդեցին, թե Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում ու միջնորդեցին, որ մի քանի արտավարույթային ապացույցներ անթույլատրելի ճանաչվեն:
«Որպես արտավարույթային փաստաթուղթը ապացույց ճանաչված շենքերի, շինությունների կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում, 2025 թվականի հոկտեմբերի 1-ին հետազոտված Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհի 1/9 հասցեում գտնվող շինության վերաբերյալ ստացված տեղեկությունները, նշվածը զնննելու մասին արձանագրությունները ճանաչել որպես ապացույց անթույլատրելի»,- հայտարարեց Ղուկասյանի փաստաբանը։
Հոկտեմբերի 1-ին թվագրվող այս ապացույցը, ըստ պաշտպանական կողմի, համընկնում է խորհրդարանի ամբիոնից Ղուկասյանին «քաղաքական ու հանրային կյանքից դուրս շպրտելու» մասին վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ: Ըստ իրավապահների՝ Ղուկասյանը 4 մլն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից նրա անօրինական շինությունը օրինականացնելու համար: Փաստաբանների միջնորդությունը հենց այդ շինության վերաբերյալ էր:
Նախ դատավորը, ապա նաև հանրային մեղադրողը առարկեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանը բացառում է, թե Գյումրիի քաղաքապետը «խոշորացույցի տակ նման գործարքների մեջ կմտներ»Միջնորդությունների մասով դատավորն այսօր որոշումներ չկայացրեց, բայց անդրադարձ եղավ կաշառքի գործով մյուս մեղադրյալ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին: Այստեղ էլ փաստաբանները պնդեցին, թե Ղուկասյանը պատրաստվում էր նրան գործից ազատել, հետևաբար չէր կարող նրա հետ ստվերային գործարքի մեջ մտնել:
Ղուկասյանը ևս դատարանում պնդեց, որ քարոզարշավի ժամանակ և քաղաքապետ ընտրվելուց հետո մշտապես հայտարարել է, որ Հենրիկ Գասպարյանին առաջինն է ազատելու:
«Իմ կողմից մի քանի անգամ և՛ ընտրարշավի ժամանակ, և՛ դրանից հետո քաղաքապետարանում բազմիցս արտահայտել է և կա այդ, ձայնագրությունները, որ ես ասում եմ՝ ազատելու ենք առաջինը Գասպարյան Հենրիկին։ Եթե պետք է, ուրեմն, անպայման կբերեմ, Ձեզ կներկայացնեմ»,- դատարանում ասաց Վարդան Ղուկասյանը։
Չնայած Գյումրիի քաղաքապետն իսկապես նման հայտարարություններ արել էր, բայց փաստացի Գասպարյանը շարունակում էր մնալ Գյումրիի գլխավոր ճարտապետը: Նա, ի տարբերություն Ղուկասյանի, տնային կալանքի տակ է:
Դատական նիստի ավարտին, թեև ոստիկանները փորձում էին թույլ չտալ, բայց Վարդան Ղուկասյանն այս անգամ երգելու փոխարեն հասցրեց Թումանյան ասմունքել։