Գյումրիի ավագանուն այսօր հաջողվեց հաստատել հաջորդ տարվա բյուջեն: Դեմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»:
7 մլրդ 582 մլն դրամ է կազմելու երկրորդ քաղաքի տեղական բյուջեն: «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն այսօր իրար հերթ չտալով հարցադրումներ էին անում ու հակասություններ փնտրում բյուջեի բացվածքներում՝ հատկապես եկամտային մասում:
Վահագն Մկրտչյանին հետաքրքրեց, թե այս տարվա բյուջեի թերակատարման պարագայում ինչպե՞ս է հնարավոր 26 թվականի բյուջեն ավելացնել. «Ի՞նչ միջոցներով ենք անելու դա, եթե մենք 25 թվականի բյուջեն արդեն թերակատարել ենք ու այդ թերակատարման ֆոնին դեռ 452 միլիոնով էլ ավելի կանխատեսում ենք հաջորդ տարվա համար»:
Քաղաքապետարանի եկամուտների բաժնից պատասխանեցին, որ մինչև տարեվերջ բյուջեի հավաքագրումները 87 տոկոսից կարող են հասցնել 92 տոկոսի:
Գյումրիում հաջորդ տարի նախատեսվում է 20 տոկոսով բարձրացնել համայնքային ծառայողների և 10 տոկոսով համայնքապետարանի մնացած աշխատողների աշխատավարձերը: ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը հրապարակեց իրենց հարցման պատասխանը թե քաղիրավական, այսինքն ոչ մշտական աշխատանքային պայմանագրով քանի՞ աշխատող կա համայնքապետարանում՝ ովքե՞ր են և ի՞նչ են անում՝ մեղադրելով քաղաքային իշխանությանը ուռճացված հաստիքներ ունենալու համար:
«Քաղիրավական պայմանագրով 98 աշխատակից կա քաղաքապետարանում սեպտեմբերի 29-ի դրությամբ: Մեծ թվի մասին է խոսքը, ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են այդ մարդիկ, կարող եմ ողջամիտ կասկածներ ունենալ, թե ովքեր են, օրինակ, ծանոթ, բարեկամներ և այլն, ինչպես ընդունված է, բայց ուզում եմ հասկանալ՝ դուք իրենց ՕԳԳ-ն գնահատե՞լ եք, թե՞ ոչ, ի՞նչ են անում այս մարդիկ, ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են աշխատավարձ ստանում, ինչի՞ համար ենք իրենց վճարում», - ասաց Հարությունյանը:
Հարցին կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Մալխասյանը պատասխանեց. «Քաղիրավական պայմանագրով 68 աշխատող չկա, դուք գործակալ նշեցիք, գործակալները աշխատում են աշխատանքային պայմանագրով, ժամկետային աշխատանքային պայմանագրով: 30 ծառայություն մատուցողները մշտապես եղել են, էնպես չէ նոր են ընդունվել, իրենց գանձած գումարի արդյունքում 15 տոկոս վճարում են ստանում, ինչքան շատ են գանձում, այդքան ստանում են»:
Բյուջեն հաստատվեց, բայց որոշ հարցեր օրակարգից հանվեցին, քանի որ դրանց շուրջ ավագանիում բուռն բանավեճ ծավալվեց, օրինակ, ավտոկայանատեղերի վարձավճար սահմանելու հարցը, թեև դրույքաչափը հաստատվեց, բայց այն չի կիրառվի մինչև չհաստատվի կարգը:
«Մեր քաղաքը» խմբակցությունն առաջարկեց քաղաքի օրվա տնտեսած 15 մլն դրամը տրամադրել 5 մանկապարտեզների: Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը թվարկեց, թե որ մանկապարտեզն ինչ խնդիր ունի:
Մանկապարտեզների հարցն ավագանին հաստատեց: Ի դեպ, ՔՊ-ն առաջարկում է, որ հաջորդ տարվանից Գյումրիի մանկապարտեզները լինեն անվճար. ոչ թե մասնակի փոխհատուցվի:
Այս առաջարկն անպատասխան մնաց: Մինչև տարեվերջ ավագանին մեկ արտահերթ նիստ էլ է գումարելու: